Բաց նամակ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կապված ՀՀ գիտության ոլորտում առկա հիմնախնդիրների հետ

09-09-2018 17:39:23   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, վերլուծաբան  Տիգրան Քոթանջյանւ իր ֆեյսբուկյան էջում տեղադրել է բաց նամակ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կապված ՀՀ գիտության ոլորտում առկա հիմնախնդիրների հետ։ "Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծուներին աջակցող "Նոյյան տապան"" հիմնադրամը կարեւորելով նամակում արծարծված հիմնախնդիրները եւ ցանկանալով եւս մեկ անգամ Վարչապետի ուշադրությունը հրավիրել Հայաստանի Գիտության կարեւոր, ռազմակարական նշանակությամաը՝ մանավանդ մեր պետության զարգացման այս դժվար էտապում, անհրաժեշտ է գտնում  հրապարակել Տիգրան Քոթանջայի բաց նամակը ամբողջությամբ։ 
 
"Նոյյան տապան" հիմնադրամ
 


 
Բաց նամակ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին
 
Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան
 
Դուք 2018 թ-ի սեպտեմբերի 2-ին ուղիղ եթերում օգտատերերի մի շարք հարցերին պատասխանելիս նշեցիք հետևյալը՝ “….վերջերս երբ մենք բյուջետային հայտերի քննարկման ժամանակ խոսում էինք գիտնականների գործունեության համար և խոսվում էր այն մասին թե ինչքան գումար պետք է պետական բյուջեյից հատկացվի գիտական գործունեությանը, ինչքան պետք է լինի գիտնականի աշխատավարձը, մենք քննարկումների արդյունքում եկանք այս եզրակացության՝ որ մենք պետք է նաև շատ հստակ պետությունը հասկանա` շատ լավ մենք գիտությանը տալիս ենք այսքան ֆինանսավորում, իսկ ի՞նչ է ստացվում, ի՞նչ արդյունք է ստացվում դրա դիմաց: Ընդ որում պարտադիր չի, որ այդ արդյունքը լինի կոնկրետ ինչ որ նյութի ֆիզիկական առարկայի տեսքով, դրանք կարող են լինել գիտական հոդվածների և գիտական գործունեության այլ արդյունքների տեսքով”: Եվ այնուհետև մեջբերեցիք Global Innovation Index 2018 թ-ի զեկույցում եղած որոշ ցուցանիշներ:
 
Պարոն վարչապետ համաձայն լինելով Ձեր այս մտքի հետ, կցանկանայի այդ զեկույցից Ձեր ուշադրությունը գրավել ևս մի քանի ցուցանիշների վրա:
1) Global Innovation Index 2018 թ-ի զեկույցում Հայաստանը գրավում է 50 տեղը Innovation Output Sub-Index rankings բաժնում, որը ըստ զեկույցում նշված բացատրության իրենից ներկայացնում է տնտեսության մեջ նորարարական գործունեության ունեցած արդյունքները: Ահա զեկույցում բերված օրիգինալ տեքստը՝ “Innovation outputs are the results of innovative activities within the economy. Although the Output Sub-Index includes only two pillars, it has the same weight in calculating the overall GII scores as the Input Sub-Index. There are two output pillars: Knowledge and technology outputs and Creative outputs.”
2) Global Innovation Index 2018 թ-ի զեկույցում կա 2 ցուցանիշ, որը ցույց է տալիս գիտության գործունեությունից ստացված արդյունքները, դա hրապարակված գիտական եւ տեխնիկական հոդվածների քանակը “Scientific & technical articles/bn PPP$ GDP” և այդ հոդվածների վրա հղումների H-ինդեկսը “Citable documents H index” և Հայաստանը այդ տողերով զբաղեցնում է համապատասխանաբար՝ 15 –րդ և 67-րդ տեղերը 126 երկրների շարքում: Կարծում եմ պետք է հստակ ֆիքսել, որ այս ցուցանիշները բավական լավ արդյունք են իրենցից ներկայացնում:
 
3) ՀՀ-ում գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 0.2-0.25 % և մենք ըստ 2018 թ-ի global innovation index հրապարակված տվյալների աշխարhի 111 երկրների շարքում զբաղեցնում ենք 86 տեղը (նախորդ տարվա համեմատ նահանջելով 3 հորիզոնականով). հարևվանությամբ այնպիսի երկրների ինչպիսիք են` Պակիստանը, Նիգերիան, Բուրկինա Ֆասոն և Օմանը:
 
Պարոն վարչապետ երկրում տարեցտարի երիտասարդ սերունդի կողմից պակասում է բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը և գիտաշխատողների թվաքանակը նվազում է: Նվազում են նաև Հայաստանյան բուհերում բնական գիտությունների ուղղվածությամբ բաժիններում ընդունվող ուսանողների թվաքանակը: Ըստ ԳՊԿ տվյալների՝ պետական գիտական ծրագրերում եւ թեմաներում ներգրավված գիտաշխատողների թիվը 2016 թ. դեկտեմբերի դրությամբ 3899 է (2018 թ-ի դրությամբ այդ թիվը մոտ 3600 մարդ է): Նրանցից 1216-ը (կամ ընդհանուրի ավելի քան 30 %-ը) 65 եւ ավելի տարեկան է, ինչը շատ վատ ցուցանիշ է: Խորհրդային ժամանակներում Հայաստանում մոտ 33 000 գիտնական է եղել. և 65-ից բարձր տարիք ունեցող գիտնականների թվաքանակը մոտ էր 3-4 %-ին: Իրավիճակը այսօր Հայաստանում այնպիսին է, որ երիտասարդները՝ որոնք ուսմանը զուգահեռ նաև զբաղվում է գիտությամբ (իսկ ուսումը ավարտելուց հետո գիտությամբ զբաղվելուն զուգահեռաբար այլ աշխատանքի են տեղավորվում, որպիսի կարողանան ընտանիք պահել), ուսումը ավարտելուց հետո, երբ որոշակի որակ են ձեռքբերում, սկսում են հրապարակվել բարձր ռեյտինգային ամսագրերում և դառնում են գայթակղիչ դրսի համար: Եվ հաշվի առնելով այն, որ Հայաստանում գիտաշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմում է ընդհամենը 80.3 հազ. դրամ, և չտեսնելով հեռանկար այդ երիտասարդների զգալի մասը 30-35 տարեկան լրանալուց հետո մեկնում են արտերկիր, որտեղ իրենց զգալիորեն ավելի բարձր աշխատավարձեր են առաջարկում, կամ առհասարակ թողնում են գիտության ոլորտը և ընտրում այլ աշխատանաք: Այդ իսկ պատճառով այսօր Հայաստանում առկա է խնդիր 35-55 տարեկան գիտնականների հարցում: Որպես կանոն բոլոր երկրներում գիտնականների այդ տարիքային խումբն է հիմնականում ապահովում գիտությաան առաջընթացը և զարգացումը, իսկ Հայաստանում նրանց՝ առանց այդ էլ քիչ թվաքանակը, տարեցտարի ավելի է նվազում, որովհետև տեղի չի ունենում անհրաժեշտ չափով համալրում: Նվազում են նաև 65 եւ ավելի տարեկան գիտնականների թվաքանակը, որոնք կազմում են ընդհանուր գիտնականների թվաքանակի ավելի քան 30 %: Այսպիսով Հայաստանը մոտ տարիների ընթացքում կարող է առհասարակ կորցնել գրեթե ամբողջությամբ իր գիտությունը, մասնավորապես հիմնարար (ֆունդամենտալ) գիտությունը: Իսկ առանց հիմնարար գիտության չի ձևավորվում գիտական միջավայրը, որն ի զորու է իրականացնելու նոր տեխնոլոգիաների «տեղափոխումը» կիրառական հետազոտությունների հարթություն, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք մեզ տրամադրվեն ուրիշների կողմից: Ըստ զարգացած երկրների փորձի՝ հիմնարար գիտության մեջ ներդրված միջոցները տասնապատիկ ետ են վերադարձվում, և նրանց զարգացման գործում վճռորոշ դերը պետք է պատկանի պետությանը, որովհետև գիտահետազոտական արդյունքների կիրառումը շատ հաճախ պահանջում է համեմատաբար երկար ժամանակ, դժվար է կանխատեսել դրանց շահութաբերությունը և, հետևաբար, տնտեսության մասնավոր ոլորտը ոչ միշտ է պատրաստ նմանատիպ ռիսկային ներդրումների:
 
Հարգելի Պարոն Փաշինյան, հիմք ընդունելով այս ամենը կարծում եմ անհրաժեշտ է ձեռնարկել անհապաղ վճռական քայլեր, որոնք նոր թափ կհաղորդեն գիտության զարգացմանը: 2019 թ-ի պետական բյուջեյով անհրաժեշտ է գիտության տրամադրվող ֆինանսների կտրուկ ավելացում, որոնք կուղղվեն՝ 
1) 2019թ-ի հունվարի 1–ից գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը առնվազն 40 հազ դրամով, որի արդյունքում գիտաշխատողի միջին ամսական աշխատավարձը 80 հազ. դրամի փոխարեն կկազմի 120 հազ. դրամ: Այս ամենը իրականացնելու համար կպահանջվի հավելյալ մոտ 1,7 մլրդ դրամ:
2) Մոտ 0,5 մլրդ դրամ ուղղել գիտական սարքավորումների արդիականացմանը և նոր սարքավորումների ձեռք բերմանը:
3) Մոտ 0,3 մլրդ դրամ երիտասարդ գիտաշխատողների աջակցմանը:
 
Այսինքն այս ամենը իրականացնելու համար անհրաժեշտ է 2019 թ-ի բյուջեյում սահմանել
գիտության ֆինանսավորման չափի ավելացում 2,5 մլրդ դրամով (այսինքն բյուջեյում սահմանել գիտության ֆինանսավորման չափը 2019 թ-ին՝ 16,8 մլրդ դրամ):
Նաև հարկ եմ համարում նշել, որ այդ ֆինանսավորման բաշխումը գիտահետազոտական կազմակերպությունների և առհասարակ գիտնականների միչև կարելի է կազմակերպել ըստ իրենց ունեցած գիտական արդյունքների:
 
Կարծում եմ առհասարակ անհրաժեշտ է սահմանել գիտությամբ զբաղվող, գիտնականների համար գիտական գործունեության որոշակի նվազագույն չափորոշիչներ ըստ ոլորտների և մասնագիտացման (օրինակ՝ տարեկան ինչ որ x թվով գիտական հոդված միջազգային վարկանիշ* ունեցող պարբերականներում), և այդ չափորոշիչներին բավարարող գիտնականների համար բարձրացնել աշխատավարձը՝ սահմանել նվազագույն աշխատավարձ, որը հավասար կլինի նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձին:
 
*Հիմնարար գիտության բնագավառում իրականացվող հետազոտությունների արդյունքը գիտական աշխատություններն են: Իրականացված աշխատանքի «շուկայական» արժեքը բնութագրող միջազգայնորեն ընդունված չափանիշը հղումների քանակն է տվյալ աշխատանքին (այսպես կոչված՝ «հղման գործակիցը») կամ էլ՝ այն տպագրած ամսագրի ազդեցության գործակիցը («impact factor»՝նախորդ երկու տարում հրատարակված ու հղման ենթակա հոդվածներին տվյալ տարում հղումների միջին քանակ):
 
Գիտության բոլոր բնագավառներին վերաբերող հայտնի շտեմարաններից մեկը, որն ընդունված է միջազգային գիտական շրջանակներում, դա «SciVerseScopus»-ն է (Scopus)։ Ըստ Scopus-ի տվյալների Հայաստանի չափ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ունեցող երկրների շարքում միայն Թունիսն է, որտեղ մեկ շնչին ընկնող հոդվածների թիվը մեծ է Հայաստանի ցուցանիշից, իսկ Հայաստանի չափ ՀՆԱ ունեցող ոչ մի երկրում ավելի շատ գիտական հոդված չի տպվում Scopus շտեմարանում:
 
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների
թեկնածու ՝ Տիգրան Քոթանջյան
 
09.09.2018թ.
ներկայացնում:   3)
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 9615 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար