Նավասարդ Սրբազանը պարգևատրել է լավագույն զինվորներին

18-02-2019 11:11:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ լավագույն զինվորների պարգևատրման արարողությունը: Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի տոնի առթիվ պարգևատրեց սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առավել աչքի ընկած 20 զինվորներին: Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերի և դրամական պարգևների արժանացան 20 զինվորներ: Նրանց ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ցուցակում ընդգրկված էին զինվորներ՝ ամբողջ Հայաստանից և Արցախից: Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ 2016թ. սկիզբ առած այս ծրագիրը Հայոց բանակի զինվորներին ուղղված երախտիքի ու գնահատանքի դրսևորում է: 
 


Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ գեներալ մայոր Ալեքսան Ալեքսանյանը, ՀՀ ՊՆ խորհրդական գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, զինվորներ, նրանց ծնողներն ու հարազատները:
Արարողությունը Նավասարդ Սրբազանի նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը:
 
Ողջունելով ներկաներին՝ Նավասարդ Սրբազանը շնորհավորեց Ս. Սարգսի տոնի առթիվ՝ մասնավորաբար ասելով. «Ջերմորեն ողջունում ենք ձեր մասնակցությունը տոնական Սուրբ Պատարագին և ներկայությունն այս միջոցառմանը:
 
«Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ» (Րաֆֆի): Սիրելի՛ք, սերը կյանքի գերագույն իմաստն է և Աստծո տված պարգևը: Այն տարածական հատկություն ունի: Սիրելով՝ բարիք ենք գործում, սիրո կենսատու ուժով նվիրվում ենք թանկ ու հարազատ մարդկանց, ազգին և հայրենիքին: Սա է սիրո բանաձևը. սիրե՛լ և բարի՛ք գործել, քանզի «սիրո ուժն է անհաղթ»:
 
Սիրո անհաղթ ուժականության և քաջասիրտ հայորդիների հայրենասիրության, հայ զինվորականների նվիրական ծառայության շնորհիվ ծնվեց ու ամրագրվեց Հայոց բանակը: Ապրիլյան քառօրյայով հղկվեց նրա լինելիության կնիքը՝ շաղախված հայոց մարտիկների անկոտրուն ոգով և նահատակված զինվորների արյամբ: Եվ այսօր, ի պատիվ ամենքիս, մեզ հետ, մեր
կողքին են Հայրենիքի սահմանների անխախտելիությունը պահող քաջարի զինվորներից քսանը, ովքեր իրենց հայրենասիրությամբ արժանացել են մեծարման և բարձր գնահատանքի:
 
Սիրելինե՛ր, քիչ առաջ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Զորավարի մասունքից ստացաք ձեր օրհնությունը և հոգեպես նորոգվեցիք ու զորացաք: Դուք այն նվիրյալ զինվորներն եք, ովքեր իրենց կյա՛նքն են ընծայաբերում, ովքեր հավատարիմ են տված երդմանը, կոչմանն ու հայրենիքի պաշտպանության առաքելությանը:
Դեմ հանդիման կանգելով ոսոխի առջև՝ չեք ընկրկում, ընդհակառակը՝ զորանում եք և ձեր ծառայությամբ առավել քան վճռական դառնում՝ Հայրենիքին ինքնաընծայաբերվելու համար:
 
Մենք քաջալերվում ենք ձեզանով, ձեր արիությամբ և անկոտրուն կամքով: Այս նվիրական պահին մեր երախտագիտությունն ենք բերում ձեր մայրերին՝ քաջազուն զավակներ ծնելու և հայրենիքին անմնացորդ նվիրաբերելու համար:
 
Թող Բարեգութ Աստված խաղաղ և անխախտ պահի մեր սահմանները՝ վասն Հայոց անկախ պետականության և ի բարօրություն հայ ժողովրդի: Մեր մաղթանքն է, որ Տիրոջ քաջ վկա Սուրբ Սարգիսը բարեխոս լինի Հայրենիքի անվտանգությունն ու սահմանը հսկող հայ զինվորների համար: «Արեգա՛կ արդարության, մե՛ծ կարապետ, պայծա՛ռ արուսյակ, որ ցոլում ես արևմուտքից մինչև արևելք. արագահաս սու՛րբդ Սարգիս, անշե՛ջ ճառագայթ, բարեխո՛ս եղիր առ Քրիստոս մեր անձերի համար» (Սբ. Սարգսին նվիրված շարական): Ամեն»:
 
Պարգևատրվող զինվորներից Կորյուն Սիրունյանն իր և ընկերների անունից շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին՝ իր խոսքում մասնավորաբար ասելով.
 
«Կյանքը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում արժանապատիվ ու փառքով ապրելու: Եվ չկա ավելի մեծ պատիվ, քան սեփական հայրենիքին ծառայելը: Հայրենիք, որի յուրաքանչյուր հատվածը էլ ավելի է սրբացել թանկ ու հարազատ մարդկանց՝ մեր զոհված ընկերների կյանքի գնով: Խոստովանում եմ, իրականում չեմ պատկերացրել, թե ինչ է իրենից ներկայացնում զինվորական ծառայությունը: Իսկ երբ դարձա հայոց հաղթանակած բանակի զինվոր, հասկացա, որ մեծ պատասխանատվություն է ընկած իմ ուսերին, և ես պարզապես իրավունք չունեմ վախկոտ լինելու:
 
Հարգելի՛ ներկաներ, հավաստիացնում եմ Ձեզ, որ մեր սահմանները անառիկ են: Իմ և ծառայակից ընկերներիս անունից խոսք եմ տալիս, ազնվորեն ծառայել իմ ժողովրդին, անհրաժեշտության դեպքում՝ կյանքս նվիրել հայրենիքիս պաշտպանությանը, ինչպես դա արեցին Մոնթեն ու « Դուշման» Վարդանը, Արմեն Հովհաննիսյանը, Ռոբերտ Աբաջանը, Արմենակ Ուրֆանյանը ու նման շատ-շատերը, որոնց արյան գնով ձեռք բերած անկախության ժառանգորդն ու պահպանողն ենք մենք: Սիրելի մայրեր, հանգիստ վայելեք Ձեր խաղաղ օրը, մեր սահմանները ամուր են, որովհետև դրանք ես եմ հսկում, ես ու ինձ նման հազարավոր տղաներ, որոնց համար հայ լինելը մեծագույն պատիվ է, իսկ սեփական ժողովրդին ծառայելը՝ կոչում: Համոզված եղեք մենք արժանի կլինենք այդ կոչմանը»:
Բոլոր ծնողների ու հատկապես՝ մայրերի անունից երախտագիտությունը հայտնեց զինվորներից մեկի մայրը՝ Աննա Սահակյանը: « Սրբազան հայր, սիրելի զինվորներ, հարգելի ներկաներ, Սուրբ Սարգիսը խիզախության, անձնազոհության խորհրդանիշ է մեր երիտասարդների համար, որոնցից շատերն այսօր բանակում են և իրենց նվիրված ծառայությամբ ամուր են պահում հայրենի եզերքը:
Սուրբ Սարգիսը սիրո խորհրդանիշ է, իսկ սիրո ուժն անհաղթ է: Սիրով արված գործերը հզոր են ու անբեկանելի, ու մեր զիմնվորներն էլ առաջնորդվում են սեր առ Աստված, սերն առ հայրենիք, սերն առ ժողովուրդ պատգամով: Սեր, որ մղում է սխրանքների:
Մեծ երջանկություն է մեր զինվոր զավակների հետ այս գեղեցիկ տոնը նշելը: Բոլոր ներկա գտնվող զինվորների մայրերի անունից ուզում եմ երախտիքի խոսք ասել Արարատյան Հայրապետական թեմին՝ այս հրաշալի առիթը մեզ ընձեռելու և առաջնագծում իրենց ծառայությամբ աչքի ընկած մեր զինվոր զավակներին՝ այսօր մեր կողքին գտնվելու համար: 
 
Թույլ տվեք ներկաներիս անունից մեր խոնարհումն ու զորակցությունը հայտնել բոլոր որդեկորույս մայրերին, որոնց զավակները դարձան պատմություն, ու իրենց անունները հավերժ գրանցեցին մեր հերոսների հուշամատյանում:
 
Սուրբ Սարգիսն իր նահատակվելուց առաջ մի աղոթք է արել. «Տեր Աստված, բոլոր նրանց, ովքեր կհիշեն իմ անունը, իմ անվան միջոցով կդիմեն Քեզ, և ինչ-որ բան կխնդրեն Քեզնից, իրականություն դարձրու»:
Որպես զինվորի մայր, ես մի խնդրանք ունեմ միայն. թող խաղաղ լինի մեր հողը և բանակում զինվոր զավակ ունեցող ծնողի սիրտը: Սուրբ Սարգիս զորավարի տոնը երիտասարդների օրհնության օրն է: Թող օրհնված լինեն մեր բոլոր հայորդիները»:
 
 
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնայանի անունից պարգևատրվող զինվորներին տրվեց 7-օրյա արձակուրդ:
 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 352 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար