Ինչո՞ւ է Փաշինյանն ազատվում Վանեցյանի մտերիմներից. «Մամուլի տեսություն»



26-02-2019 17:02:42   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Փաշինյանն ազատվում է Վանեցյանի մտերիմներից. «Հրապարակ»
 


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ աշխատանքից անսպասելիորեն ազատվել են Արարատյան մաքսատուն-վարչության պետ Զավեն Հակոբյանը և Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Արմեն Պողոսյանը։
 
Այս պաշտոնյաները նշանավոր են ոչ միայն նրանով, որ առանցքային պաշտոններ էին զբաղեցնում մաքսային համակարգում, այլև նրանով, որ երկուսն էլ որոշակի առնչություններ ունեն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ։
 
Զավեն Հակոբյանը նրա սանիկն է՝ մտերիմ ընկերը, իսկ Արմեն Պողոսյանը Արսեն Պողոսյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի ԱԱԾ պատասխանատուի եղբայրն է և Վանեցյանի օգնականի ազգականը։ ՊԵԿ պաշտոնյաների ազատման հետ, սակայն, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը գրեթե
առնչություն չունի․ նրանք ազատվել են Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Թե ինչով են պայմանավորված այս ազատումները, կփորձենք ճշտել առաջիկայում»:
 
Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ լավ չեն. Սիզիֆյան քար և առաջին կոռուպցիոն «ռիսկը». «Իրատես»
 
«Իրատես» թերթը գրում է.
 
«Ասում են, թե բոլոր դեպքերում ՊՎԾ-ի ղեկավար Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ այն չեն: Ավելին` չար լեզուները պնդում են. «Նրա նկատմամբ եթե անգամ հաղորդումներ էլ չներկայացվեն պատկան մարմիններ, ապա միևնույն է, իր աշխատակիցների, տեղակալների դրսևորած վարքագծի ոչ պատշաճ վերահսկողության համար ինքը ևս պատասխանատու է:
 
Ի դեպ, Վանեցյան-Սանասարյան հարաբերություններն առանձնապես աչքի չեն ընկնում ջերմությամբ: «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի դիալիզի հետ կապված պատմությունը իսկական սիզիֆյան քար է դարձել նորօրյա իշխանությունների համար. գլորում են «վեր», սակայն այն կրկին «վար» է իջնում, ու եթե պարզվի, որ փաստերն օդից վերցված չեն, դա կլինի այս իշխանությունների առաջին կոռուպցիոն «ռիսկը»»:
 
Երևանում կքննարկվեն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու տարբերակները. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովն առաջիկայում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ լսումներ է կազմակերպելու: Իսկ քննարկվելիք հիմնական թեման, ինչպես պնդում են մեր աղբյուրները, վերաբերելու է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու տարբերակներին:
 
Լսումներն էլ տեղի են ունենալու Երևանում, բայց նաև հրավիրվածներ են լինելու Արցախից, այնտեղի խորհրդարանից: ԱԺ այս հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ընդամենը հայտարարեց. «no comment»:
 
Հարցրինք. «Հերքո՞ւմ եք, որ նման բան է լինելու»: Ի պատասխան` Քոչարյանն ասաց. «Ամեն ինչ մտածվում է` մեր երկրի շահերից ելնելով և մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ամրացնելու համար: Ամեն բան այդ ուղղությամբ արվում է»»:
 
ԵՊՀ
ռեկտորի պաշտոնում ում է ուզում տեսնել իշխանական «վերնախավը». «Փաստ»
 
«Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում ընթացող ստուգումներն ու բարձրացած աղմուկն օրեցօր նոր երանգներ են ստանում: Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ամեն կերպ դիմադրում է, սակայն, ըստ էության, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ջանք ու եռանդ չի խնայում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից օր առաջ ազատվելու և «գծի մեջ» ռեկտոր նշանակելու հարցում:
 
Բնականաբար, այս շրջանում վերստին ակտիվացել է նոր ռեկտորի թեկնածուների հարցը. «Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուները շատ են, սակայն ամենահավանական թեկնածուն, ում այս պահին այդ պաշտոնում տեսնում է իշխանական «վերնախավը», թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է:
 
Մենք զրուցեցինք նաև պարոն Մելքոնյանի հետ, ով ասաց, որ երբեւիցե իր հետ ոչ մեկի կողմից նման որեւէ զրույց կամ քննարկում չի եղել: «Ավելին, այն պայմաններում, երբ կա գործող ռեկտոր, բարոյական չեմ համարում այդ հարցի մասին իմ տեսակետն արտահայտել»,- հավելեց պարոն Մելքոնյանը»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2653 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար