Արմեն Աշոտյանը զգուշացրել է Նիկոլ Փաշինյանին նոր վտանգի մասին․ ի՞նչ է սպասվում. «Մամուլի տեսություն»



09-03-2019 20:03:51   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Նարեկ Սարգսյանը շուտով կարտահանձնվի. Թիկնապահներին ասել են՝ պատրաստվեք առերեսվելու
 


«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը շուտով կարտահանձնվի ՀՀ-ին:
Ըստ նույն լուրերի՝ նրա գործով անցնող թիկնապահներին զգուշացրել են՝ պատրաստվեք առերեսվելու նրա հետ:
Թե կոնկրետ արտահանձնման ինչ ժամկետի մասին է խոսքը, աղբյուրը դժվարացավ հայտնել՝ նշելով. «Կարծում եմ՝ բավական կարճ»»
 
Համալրում. Նախկին պաշտոնյաների մասով քրգործերն այնքան շատ են, որ ՀՔԾ-ն դիմել է այլ քննիչների
 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ մի շարք քրեական գործեր հարուցվեցին, և այդ գործերը նախաքննության համար ուղարկեցին Հատուկ քննչական
ծառայություն:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` այդ քրեական գործերն այնքան մեծածավալ են, բազմադրվագ, ըստ այդմ, ՀՔԾ քննիչներն այնպիսի ծանրաբեռնվածության տակ են ընկել դրանց պատճառով, որ ստիպված են եղել քննչական խմբերում քննիչներ ընդգրկել նաև ՀՀ քննչական կոմիտեից ու ԱԱԾ քննչական վարչությունից: Սա արվել է նաև այն պատճառով, որ նախաքննական մարմինը կարողանա սեղմ ժամկետներում ավարտել այդ քրեական գործերի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան:
Ի վերջո, շուտով կլրանա նախաքննության մեկ տարին, ու եթե աղմկահարույց քրեական գործերով ավարտ չհայտարարեն, ապա պետք է բերեն հիմնավորումներ: Ուստի գործընթացն արագացնելու համար որոշվել է պարզապես համալրել թիմը»:
 
Ընդերք քանդողները կբացահայտվեն օրենքով
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոփոխություն կատարել Ընդերքի արդյունահանման մասին օրենքում և պարտավորեցնել, որ բացահայտվեն հանքերի իրական սեփականատերերը:
Նման նախաձեռնությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանը դարձել է Արդյունահանող ճյուղերում թափանցիկության նախաձեռնության անդամության թեկնածու: Նախաձեռնությանը անդամակցում է 51 երկիր, իսկ նախաձեռնության նպատակներից մեկը հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովումն է:
Այս փոփոխության ընդունումը իսկապես հեղափոխական կլինի, քանի որ հասարակությունը վերջապես կիմանա, թե ովքեր են Հայաստանի հանքավայրերի իրական տերերը»:
 
Մեծ վտանգ. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման երկրորդ սցենարի մասին
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նաև ԵՄ պաշտոնյաները՝ հանձինս Յոհաննես Հանի և Ֆրեդերիկա Մոգերինիի, չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: «Երբ ասել են` առանց նախապայմանների կարգավորման մասին, նկատի են ունեցել Հայաստան-Ադրբեջան ձևաչափը` առանց Արցախի ներգրավման»,- նշել է նա:
Միաժամանակ Աշոտյանն
ասել է, թե առաջիկայում Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման ժամանակ կփորձի Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու խոստումը կատարել: «Մյուս կողմից էլ նա պետք է տպավորություն չստեղծի, որ Հայաստանի պատճառով բանակցությունների գործընթացը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում տորպեդավորվում է կամ պարալիզացվում է: Եթե հանկարծ գնաց երկրորդ սցենարով, ապա մեծ վտանգ կա, որ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները կարող են արդարացված համարվել միջազգային հանրության մի հատվածի մոտ, որը բանակցությունների վիժեցումը կփորձի բարդել Հայաստանի վրա»,- ասել է ՀՀԿ-ականը»:
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1707 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար