Սերժ Սարգսյանը դեռ Արցախում է. Սպասում էր ԱԽ արտագնա նիստին՝ իր անելիքները որոշելու համար․ «Մամուլի տեսություն»



13-03-2019 20:43:56   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Սերժ Սարգսյանը դեռ Արցախում է. Սպասում էր ԱԽ արտագնա նիստին՝ իր անելիքները որոշելու համար. «Ժամանակ»
 


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել դեռևս մարտի առաջին օրերին, շարունակում է մնալ Արցախում:
Սարգսյանը սպասում էր երեկ կայացած ԱԽ արտագնա նիստին, որ ըստ դրա որոշի իր հետագա անելիքները: Սարգսյանը այս ընթացքում շարունակել է ակտիվ շփումները ԱՀ վերնախավի ներկայացուցիչների հետ»:
 
Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը հունվարի 1-ից չի ֆինանսավորվել. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն այս տարվա հունվարի 1-ից չի վճարել ՀՀ առաջին նա­խագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը: Նշենք, որ խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է: ՀՀ կառավարության 2018թ. օգոստոսի 2-ի 856-Ն որոշմամբ՝ սահմանված է, որ պաշտոնաթող նա­խագահի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա: Ու, փաստորեն, Փաշինյանի կառավարությունը չի վճարել ՀՀ հիմնադիր նախագահի գրասենյակի աշխատակիցներին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը հաստատեց այդ տեղեկությունները, սակայն պատճառները խորհուրդ տվեց ճշտել կառավարությունից:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանն էլ,
մեր հարցին ի պատասխան, ասաց, որ խնդիրը զուտ տեխնիկական է: «Վարչապետի գրասենյակից պետք է համապատասխան գրություն գա աշխատակազմ, որը չի եկել: Դա ընթացակարգային խնդիր է»:
Նկատենք, որ մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների աշ­խատակիցներին կառավարությունն այս ընթացքում փոխանցել է աշխատավարձերը, նրանք որևէ խնդիր չեն ունեցել:
Ի դեպ, ստեղծված իրավիճակն աննախադեպ է. անգամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարի­ներին, չնայած Տեր-Պետրոսյանի հետ իշխանությունների հակասություններին, նրա գրասենյակը ֆինանսավորվել է՝ օրենքով հաստատված կարգով»:
 
Վարդան Օսկանյանը ամենայն հայոց կաշառատու Սիլվա Համբարձումյանի «զոհերից» չէ. «Հրապարակ»
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում լուր եղավ, որ առերեսում է տեղի ունեցել ամենայն հայոց կաշառատու Սիլվա Համբարձումյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջև։ Մենք պարզեցինք, որ Օսկանյանը տիկնոջ «զոհերից» չէ, պարզապես գործով անցնում է որպես վկա, քանի որ Համբարձումյանի արաբ գործընկերներին հենց Վարդան Օսկանյանն է ներդրումների համար Հայաստան հրավիրել, ավելի ճիշտ՝ վստահեցրել, որ կան համապատասխան պայմաններ ներդրումներ անելու համար։
Դեռևս 2017 թ․ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը չանցավ խորհրդարան, և նախկին արտգործնախարարը փակեց քաղաքականության էջը, նա տարվա հիմնական մասն անցկացնում է ԱՄՆ-ում, դասավանդում է Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։
Հեղափոխությունից հետո, սակայն, նա մի քանի անգամ ստիպված է եղել վերադառնալ հայրենիք․ մեկը՝ մոր մահվան կապակցությամբ, երկրորդը՝ Մարտի մեկի գործով վկայի կարգավիճակում հարցաքննվելու, հաջորդը՝ Սիլվա Համբարձումյանի հետ առերեսվելու»:
 
Նոր զարգացումներ՝ Մարտի 1-ի գործով. Կհարցաքննվի նաև Ալեքսանդր Արզումանյանը. «Փաստ»
 
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում Մարտի 1-ի գործով: Ըստ թերթի աղբյուրի, քանի որ Մարտի 1-ի և Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ վերջին շրջանում որոշակի պասիվություն է նկատվում, իսկ հասարակական լայն հնչեղություն ունեցող իրադարձություններ
չեն նկատվում, ուստի իշխանությունները որոշում են կայացրել այդ գործին «նոր լիցք» հաղորդել:
Ըստ տեղեկությունների, առաջիկայում ՀՔԾ-ում «հարցաքննության» կկանչվի նաև Շվեդիայում և Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր և այդ օրերին կուլիսային ամենաառանցքային «խաղացողներից» մեկը:
Աղբյուրի փոխանցմամբ, այս մասին Արզումանյանը նախապես տեղեկացվել է: Արզումանյանի հարցաքննությունը թույլ կտա խուսափել ավելորդ ինտրիգներից ու տարաբնույթ շահարկումներից, քանի որ Արզումանյանի նման ֆիգուրը չէր կարող անմասն մնալ իրավապահներին բացատրություն տալուց:
Հիշեցնենք, որ համացանցում ժամանակ առ ժամանակ շրջանառվում են Ալեքսանդր Արզումանյանի՝ մարտի 1-ի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 796 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար