Պետության դերը նաև հասարակական կազմակերպությունների լավագույն փորձը որդեգրելու և գործարկելու մեջ է. Զարուհի Բաթոյան

20-03-2019 11:36:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Մեզ համար շատ կարևոր է նախարարության դերակատարության վերաբերյալ հասարակական ընկալումների հստակեցումը: Ցավոք, նախարարությունն այսօր դիտարկվում է որպես նպաստ կամ կենսաթոշակ տրամադրող, հիմնականում խոցելի խմբերի հիմնախնդիրներով զբաղվող կառույց, մինչդեռ մեր հիմնական դերակատարումը պետք է լինի սոցիալական խնդիրների կանխարգելումը և բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությունը և հավասար հնարավորությունների ստեղծումը», - այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հյուրընկալելով «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ներկայացուցիչներին ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:
 

Նախախարը տեղեկացրել է, որ
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել են ոլորտային ռազմավարությունների վերանայման, կառույցի ինստիտուցիոնալ, բովանդակային գնահատման համապարփակ գործընթացներ: Առաջիկայում նախարարությունը հանդես կգա նաև մի շարք օրենսդրական փոփոխությունների առաջարկներով, որոնցից է, օրինակ, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի վերանայումը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի նոր նախագծի մշակում և այլն.
 
«Որոշ դեպքերում, օրենսդրական այս նախաձեռնությունները մեր նախարարության անմիջական գործունեության առարկան չեն, սակայն մեր խնդիրն է տարբեր հիմքերով խտրականության ենթարկվող անձանց ձայնը լսելի դարձնելը: Մեզ համար սկզբունքն այն է, որ եթե կա մարդու իրավունքի իրացման խնդիր, մենք պետք է լուծենք այն»:
 
Նախարարը տեղեկացրել է, որ բոլոր նախաձեռնություններն իրականացվելու են լայն հանրային քննարկումների համատեքստում: Խոսքը ոչ միայն առցանց տիրույթում ընթացող քննարկումների մասին է, այլև՝ շահառուների և ոլորտում աշխատող քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ դեմ առ դեմ հանդիպումների:
 
«Մեր աշխատանքում առանցքային կարևորություն ունեն միջգերատեսչական համագործակցությունը, ինչպես նաև՝ եղած ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և զարգացումը: Հենց այս սկզբունքով էլ առաջնորդվում ենք մեզ համար կարևորագույն 2 խնդիրների՝ ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացման և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր մոդելի մշակման հարցում: Կարող եմ ասել, որ Առողջապահության և Կրթության և գիտության նախարարությունների հետ գրեթե ամենօրյա աշխատանքի մեջ ենք, որովհետև հասկանում ենք, որ խնդիրներին համակարգային լուծումներ են պետք», - ասել է նախարարը:
 
ԲՀՀ Մարդու իրավունքների նախաձեռնություն կազմակերպության տնօրեն Էմիլի Մարտինեզը նշել է, որ ոգևորված է ոլորտում մարդակենտրոն փոփոխություններ կատարելու այսօրինակ պատրաստակամությամբ: Ըստ նրա՝ ներկայացված նախաձեռնությունները բարդ են և բազմաշերտ, սակայն այն, որ դրանց իրականացման համար կա քաղաքական կամք, արդեն
իսկ ոգևորիչ է.
 
«Դուք նախաձեռնել եք բարդ, բայց անհրաժեշտ, իրավունքի տեսանկյունից այլընտրանք չունեցող փոփոխություններ: Արդյունքներն, իհարկե, տեսանելի չեն լինի շատ կարճ ժամանակում, բայց դրանք կլինեն հիմնավոր և մնայուն: Այս փոփոխությունների նախաշեմին պատրաստ ենք աջակցել ձեզ՝ կիսելով մեր կուտակած փորձը», - ասել է Էմիլի Մարտինեզը:
 
 
Գայանե Մանուկյան
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 
Հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 194 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար