Կհնչի Մալերի 9-րդ սիմֆոնիան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանմամբ

01-04-2019 16:17:23   | Հայաստան  |  Մշակույթ
 


 
Ապրիլի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, երաժշտասերներին կներկայացնի ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերի 9-րդ սիմֆոնիան։ 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Մալերի երկացանկից մինչև այժմ հայ հանդիսատեսին ներկայացրել է թիվ 1, թիվ 5 և թիվ 6 սիմֆոնիաները։ 
 
9-րդ սիմֆոնիան Մալերը գրել է կյանքի վերջին տարիներին, երբ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին սրտի անբուժելի հիվանդություն և խորհուրդ տվել հանգիստ կյանք վարել։ Սակայն կոմպոզիտորը
պետք է մտածեր ընտանիքի մասին, ուստի ստիպված էր աշխատել ու շատ աշխատել։ Եվ որպեսզի հարազատներին որոշակի միջոցներ ապահովի, նա հրաժարվում է Վիեննայի արքայական օպերայի տնօրենի պաշտոնից և ընդունում Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի կողմից լավ վարձատրվող աշխատանքի առաջարկը։ Նոր աշխատանքի ծանր պայմանները և նրա խստապահանջ վերաբերմունքն իր գործին է՜լ ավելի ծանրացրին կոմպոզիտորի առողջական վիճակը։ Ահա այս իրավիճակում Մալերը գրում է իր 9-րդ սիմֆոնիան, որը հեղինակի վերջին ավարտուն գործն է։ 
 
Չորս մասից բաղկացած 9-րդ սիմֆոնիայի պրեմիերան կայացել է կոմպոզիտորի մահից հետո՝ 1912 թվականին Վիեննայում։ Սիմֆոնիայի առաջին կատարումը ղեկավարել է Մալերի աշակերտը՝ Բրունո Վալտերը։ Մեծակտավ այս գործն աշխարհում Մալերի ամենաշատ կատարվող և ձայնագրվող ստեղծագործությունն է։ Գուստավ Մալերի և համաշխարհային դասական
երաժշտարվեստի այս գլուխգործոցը Հայաստանում, սակայն, հազվադեպ է հնչում։ Այն կատարման համար բարդագույն ստեղծագործություն է՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի մեծ կազմի համար։
Մալերի 9-րդ սիմֆոնիայի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանությունը երաժշտասերները կարող են ունկնդրել ապրիլի 6-ին։ 
 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 
հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 217 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար