«Փնտրեք ձեր թիմում». Փոխնախարարի ձերբակալությունը`պատասխան Արսեն Թորոսյանին. «Մամուլի տեսություն»



02-04-2019 20:32:38   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
«Փնտրեք ձեր թիմում». Փոխնախարարի ձերբակալությունը`պատասխան Արսեն Թորոսյանին. «Ժողովուրդ»
 


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Վերջինս, ի դեպ, այդ պաշտոնին նշանակվել է թավշյա հեղափոխությունից հետո. մի հանգամանք, որ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսպիսով անզիջում է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում` ի տարբերություն նախկին իշխանությունների, որոնք ամեն կերպ փորձում էին ծածկադմփոց անել նման դեպքերը փրկելու համար իրենց կադրերին: Փաշինյանի իշխանությունն, ընդհակառակը, չի փորձում քողարկել կատարվածը, եթե անգամ պատմության կիզակետում իրենց կադրն է:
Այս բացահայտումը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. կաշառք վերցնելու համար ձերբակալվել է առողջապահության փոխնախարարը, և սա այն դեպքոււմ, երբ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է իր ղեկավարած ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի մասին` ակտիվորեն հարձակվելով բժիշկների վրա, պարբերաբար նրանց մեղադրելով այդ արարքի համար: Ու քանի որ կատարվածի բացահայտման մեջ դեր է խաղացել նաև բժիշկը, կարելի է ենթադրել՝
սա բժշկական հանրույթի պատասխանն էր նախարարին, որ կոռուպցիոներներին փնտրի առաջին հերթին իր թիմում»:
 
Մրցույթ. Ո՞վ կհաղթի՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի՞, թե՞ նախարար Արսեն Թորոսյանի թեկնածուն. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Վաղը Արարատի մարզպետարանում տեղի է ունենալու Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը: Պաշտոնի հավակնորդները երկուսն են՝ բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Համբարձումյանը, ում թեկնածությունը պաշտպանում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, և Տարոն Գասպարյանը, ով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է:
Ըստ Արտաշատի մեր աղբյուրի՝ քանի որ մրցութային հանձնաժողովը ձևավորվում է մարզպետի կողմից, մեծ է հավանականությունը, որ մարզպետ Սարգսյանը կփորձի անցկացնել իր թեկնածուին»:
 
Վարչապետի ուրախալի լուրը հուսադրող չէ. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ուրախալի լուր գրել էր, թե Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ այս տարի խաղողը մթերելու է նախորդ տարվանից 10 դրամով թանկ: Նախ նշենք, որ Երևանի կոնյակի գործարանը մասնավոր ընկերություն է, և նրա որոշ
ումը չի կարող կառավարության կամ վարչապետի ձեռքբերում համարվել:
Բացի այդ, անցյալ տարի էլ տարեսկզբին նույն գործարանը գյուղացիներին խոստացել էր խաղողը մթերել 20 դրամով ավելի թանկ՝ 160 դրամով, բայց աշնանը խաղողը փաստացի մթերեց 140 դրամով, ինչը հարուցեց գյուղացիության դժգոհությունը, և նրանք ի նշան բողոքի՝ ճանապարհներ փակեցին, բայց կառավարությունը և նրա ներկայացուցիչները ոչնչով չկարողացան օգնել գյուղացիներին»:
 
Մնացականյանն առաջին քննությունից «կտրվել» է. Ինչու է վարչապետը դժգոհ նախարարի մոսկովյան այցից. «Փաստ»
 
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, հայկական կողմը փորձում էր Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո համանախագահների հայտարարության տեքստի մեջ գոնե ընդհանուր գծերով որոշակիորեն արտացոլել Նիկոլ Փաշինյանի նախապես տրված որոշ խոստումներ:
Նաև դրա հետ էր պայմանավորված ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի «գաղտնի» այցը Մոսկվա, որտեղ նա փորձել էր ռուս համանախագահի միջոցով հայտարարության տեքստում որոշակի մեղմացուցիչ և առավել նպաստավոր թեզեր ներգրավել, քանի որ նման հայտարարությունների տեքստերը նախապես են պատրաստվում, սակայն` ապարդյուն:
Արդյունքում, ըստ թերթի տեղեկությունների, վարչապետը խիստ դժգոհել է նախարարից: Ու թեպետ չի կարելի առաջին իսկ պաշտոնական հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենալ, առավել ևս՝ միանշանակ գնահատականներ տալ դրանց արդյունքներին, այդուամենայնիվ, մեր աղբյուրի պնդմամբ, ներքին «խոհանոցում» համարում են, որ Մնացականյանն իր առաջին լուրջ քննությունից, կարելի է ասել, «կտրվել» է»:
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 811 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար