Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

12-04-2019 11:31:51   | Հայաստան  |  Իրավունք
 


ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:
 
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացման հանգամանքները։
2019թ. մարտի 15-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Երևան քաղաքի՝ 1986թ. ծնված բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ պոլիէթիլենային փաթեթ` 2,57 գրամ հաստատուն քաշով կանաչավուն, յուրահատուկ մանրացված զանգվածի պարունակությամբ: Փաթեթի պարունակությունը ենթարկվել է դատաքիմիական փորձաքննության:
 
Փորձագետի՝ 18.03.2019թ. ստացված եզրակացության համաձայն՝ հիշյալ փաթեթի
պարունակությունը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: 
 
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում 2019թ. մարտի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268 հոդվածի 1-ին մասով, որը քննչական ենթակայության կարգով ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
 
Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձը թմրամիջոցը ձեռք է բերել Երևան քաղաքի՝ 1959թ. ծնված բնակչից:
 
Վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ տարբեր սենյակներից հայտնաբերվել են ընդհանուր մոտ 78,5 գրամ քաշով, տարբեր փաթեթների մեջ լցված կանաչավուն, յուրահատուկ հոտով չորացված զանգվածներ:
 
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
 
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություններ, անձի ճանաչման քննչական գործողություն:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1959թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
1986թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
 
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 562 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար