INSARAG-ի 36-ժամյա վարժանք Հայաստանում. հայկական փրկարարական թիմը վերաորակավորմանն ընդառաջ

16-04-2019 16:53:44   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
Ապրիլի 15-ին մեկնարկեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության 50 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի վարժանքը: «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանքն անցկացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 2020 թ. վերաորակավորման գործընթացի շրջանակներում: Ուսումնավարժանքը տևելու է 36 ժամ և ավարտվելու է ապրիլի 16-ի երեկոյան: 
 
Ըստ սցենարի` Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան ավերածություններ, հազարավոր զոհեր ու վիրավորներ: Տուժած երկիրն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը: 
 
Գործողությունները սկսվել են Արտակարգ իրավիճակների նախարարության շենքում։ Հարևան երկրին օգնություն ցուցաբերելու առաջին քայլը եղել է ԱԻ նախարարությունում գումարված խոհրդակցությունը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ։ Կայացվել է քաղաքական որոշում՝ համաձայն որի Հայաստանը փրկարարական խումբ է ուղարկում Իրան՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։
 
Նախարարը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների
ղեկավարներին, իսկ INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմի քաղաքական պատասխանատու, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանին հանձնարարվել է կազմակերպել հայկական ՔՈՓ թիմի արձագանքումն Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացմանը։ 
Վարժանքի հետագա գործողությունները շարունակվել են Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում (ՀՆՓԱԻԿ), իսկ գործնական աշխատանքները` «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնու ձորում։
 
Ֆելիքս Ցոլակյանը ժամանել է նաև բուն գործողությունների անցկացման վայր՝ տեղում ծանոթանալու Լուսակերտում ՔՈՓ թիմի ծավալած բազայի հնարավորություններին, ինչպես նաև՝ Արզնիի ձորում անցկացվող հետախուզական ու որոնողափրկարարական աշխատանքներին։
Վարժանքին հետևում էին նաև գերմանացի և շվեյցարիացի փորձագետները: Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության մարդասիրական օգնության արձագանքման գլխավոր պատասխանատու, վարժանքի մենթոր Դեյվիդ Սոխորը
բարձր գնահատեց հայկական թիմի պատրաստվածությունը՝ նշելով, որ մինչև որակավորում մեկ տարուց ավելի ժամանակ կա, և որևէ մտավախություն չկա թիմի վերաորակավորման հարցում։
 
Հ. Եմիշյանի խոսքով՝ այս վարժանքը 2020 թ. սեպտեմբերին նախատեսված մեր ՔՈՓ թիմի վերաորակավորման հիմնական քայլերից է։ Ըստ նրա՝ վարժանքի թե նախապատրաստական, և թե այս փուլի աշխատանքներն անցկացվում են INSARAG-ի ստուգաթերթերի համաձայն։ Առկա թերությունները, ըստ տնօրենի տեղակալի, պետք է շտկվեն, և սա է ամենակարևոր նախապայմանը Հայաստանի ներքին կարողությունների զարգացման տեսանկյունից: Հ. Եմիշյանի խոսքով՝ այս վարժանքում կիրառվելու են INSARAG-ի սահմանած նոր առաջնահերթությունները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկությունների արագ փոխանակման համակարգեր և այլն: 
 
Նշենք, որ INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991 թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985 թ. Մեքսիկայի և 1988 թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը: 2015 թ. Հայաստանը դարձել էր ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ այն բանից հետո, երբ հայկական Քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը սեպտեմբերի 1-4-ը բարեհաջող կերպով հաղթահարել էր որակավորման եռօրյա վարժանքը և դասակարգվել որպես միջին մակարդակի ՔՈՓ թիմ:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 308 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար