Փակե՞լ թե՞ չփակել ռուսաստանյան հեռուստաալիքները Հայաստանում

17-04-2019 15:46:29   | Հայաստան  |  Վերլուծություն
Ապրիլի 10-ին Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն անդրադարձել է ռուսաստանյան «Ռոսիա» հեռուստաընկերության հակահայկական հաղորդումներին: Մասնավորապես, պատգամավորը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանին հարց է ուղղել ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ այդ հեռուստաալիքը աչքի է ընկնում սուր հակահայկական բնույթի պարբերական տեղեկատվության հեռարձակումով: 
 


Տիգրան Հակոբյանն ընդունել է, որ նմանատիպ խնդիր գոյություն ունի։ «Ես ձեզ հետ համաձայն եմ։ Դա որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար: Շատ երկրներ, ինչպես Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, իրականացրել են
այդ գաղափարը, բայց դրա համար նրանք շատ բարձր գին են վճարել՝ երեքն էլ զրկվել են տարածքներից»,- պատասխանել է Հակոբյանը: 
 
 
Այլ երկրների օրինակներ
 
Թեև Տիգրան Հակոբյանը հիշատակել է միայն Ուկրաինան ու Վրաստանը, սակայն ռուսական հեռուստատեսությունների հեռարձակումը արգելող օրենսդրական կարգավորումներ է կիրառել նաև Մոլդովան։ Ոչ այնքան վաղուց՝ 2018 թվականի հունվարին, երկրի տարբեր քաղաքական ուժերի միջև երկարատև քննարկումներից հետո Մոլդովայի խորհրդարանի նախագահը ստորագրեց օրենսդրական կարգավորում, որը հայտնի է որպես «մեդիա պրոպագանդա» օրենք։ Այս կարգավորումը արգելել է մոլդովական հեռուստատեսություններին ցուցադրել ռուսական հեռուստաալիքների լուրերի թողարկումները։ ՌԴ Պետդուման, արձագանքելով այս օրենքին, այն որակել էր որպես հակա-ռուսական խտրականություն, իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
հայտարարել էր, որ Ռուսաստանը «պատասխան միջոցներ կձեռնարկի»։ Այդուհանդերձ, Մոլդովան դեռևս տարածքային նոր կորուստներ չունի։ Մյուս կողմից, Ուկրաինայի ու Վրաստանի տարածքային կորուստները ռուսական հեռուսաալիքները արգելելու պատճառով չէին տեղի ունեցել, այլ ընդհակառակը՝ տարածքային կորուստներից հետո լրատվական անվտանգությունը ապահովելու նպատակով են այս երկրները ռուսական լրատվամիջոցների դեմ պայքար մղում։ Ուստի տաածքային կորուստների վախի պատճառով խնդիրն անտեսելը այնքան էլ հիմնավորված չէ իրական փաստերով։ 
 
 
Այս ուղղությամբ մտածելու կարիք կա՞
 
 
Հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանում անհրաժեշտ է մտածել լրատվական անվտանգության և արտասահմանյան հեռուստատեսությունների հեռարձակումը սահմանափակելու ուղղությամբ։ Վերջին տարվա ընթացքում պարզ է դարձել, որ մի շարք ռուսական լրատվամիջոցներ ՀՀ ներքաղաքական իրադարձությունները մեկնաբանում են միակողմանի ու անգամ հաճախ հակահայկական մոտեցմամբ։ Այսպես, օրինակ, բոլորովին վերջերս ռուսական Ռոսսիա 24 հեռուստաալիքը միակողմանի էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական գործընթացը՝ աղավաղելով մի շարք փաստեր։ Հաճախ Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվությունը ռուսական լրատվամիջոցների կողմից տարածվում է հենց ազգությամբ հայ լրագրողների կամ քաղաքագետների հետ հարցազրույցների կամ հաղորդումների միջոցով։ Հետևաբար, այո՛, այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու ու մտածելու անհրաժեշտություն կա։ 
 
 
Հնարավոր լուծումներ 
 
 
Հարկ է նշել, որ թեև ռուսական հեռուստատեսությունների հեռարձակումը որոշակիորեն կսահմանափակի ռուսական մեդիաազդեցությունը Հայաստանում, սակայն ոչ այդ հեռուստաալիքների, ոչ էլ որևէ այլ լրատվամիջոցների սահմանափակումը չի լուծելու ապատեղեկատվության խնդիրն ամբողջովին։ Համացանցի գոյության պայմաններում հեռուստատեսության սահմանափակումը չի սահմանափակելու տեղեկության կամ ապատեղեկատվության տարածումը։ Ավելին, նմանատիպ արգելքների դեպքում միշտ կան զարտուղի ճանապարհներ, ինչպես, օրինակ, տեղական ԶԼՄ-ների կիրառումը ապատեղեկատվության տարածման համար։ Արևմտյան մի շարք երկրներ վերջին տարիներին պարբերաբար բախվում են ռուսական ապատեղեկատվության հետ իրենց իսկ լրատվամիջոցներում։ Հետևաբար, թեև կա հստակ խնդիր, որը պահանջում է որոշակի քայլեր՝ այն լուծելու ուղղությամբ, միայն ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ-ում արգելելով խնդիրն ամբողջապես լուծելն անհնար է։ 
 
Խնդրի լուծումը համակարգային պետք է լինի՝ ներառելով մեդիագրագիտության խթանում, վստահելի լրատվամիջոցների հզորացում, լրատվամիջոցների ֆինանսական աբյուրների թափանցիկություն, և այլ միջոցներ։ Եվ ամենակարևորը՝ թե՛ տեղական և թե՛ օտարերկրյա հեռուստատեսությունների հեռարձակման թույլտվությունը պետք է հիմնավորված լինի ոչ թե իշխող քաղաքական վերնախավի համար դրանց քաղաքական նպատակահարմարությամբ, այլ՝ այդ հեռուստատեսությունների բովանդակության որակով։ 
 
 
Աննա Փամբուխչյան 
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 534 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար