Լավրովի հույսը. Երեւանը միանգամից փոխեց իրավիճակը

17-04-2019 17:24:49   | Հայաստան  |  Վերլուծություն
Մոսկվան կարծում է, որ թե Երեւանը, թե Բաքուն շահագրգռված են, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա եւ կիրագործվեն: Այդ միտքը ապրիլի 17-ին արտահայտել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով երկու օր առաջ Մոսկվայում իր ներկայությամբ տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման պայմանավորվածություններին:
 


Այդ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Մինսկի խմբի երեք համանախագահները: Նրանք եւ նախարարները հանդիպումից հետո տարածել են հայտարարություն, որտեղ խոսում էին խաղաղության ուղղությամբ քայլերի վերաբերյալ պայմանավորվածության մասին, մասնավորապես գարնանային գյուղատնտեսական աշխատանքների իրականացման հնարավորության, նաեւ կալանքի տակ գտնվող անձանց հարազատների տեսակցություն ապահովելու, միաժամանակ նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցեր կազմակերպելու առումով:
 
Հետաքրքիր է, թե ինչ նկատի ունի ՌԴ արտգործնախարարը «այս անգամ» ասելով: Ո՞ր անգամ է, որ պայմանավորվածությունները մնացել են թղթի վրա: Թերեւս դժվար չէ կռահել, թե այդ պարագայում ո՞ր կողմի պատճառով է դա տեղի ունեցել: Խաղաղ գոյակցության պայմանավորվածությունները մերժել է Ադրբեջանը, որը «դավանում» էր ռազմական շանտաժի, ռազմական դիվանագիտության մարտավարություն:
 
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Բաքվի այդ քաղաքականությունը, որ էապես խափանվել էր ապրիլյան պատերազմում հայկական բանակի դիմադրության շնորհիվ, հայտնվեց էլ ավելի բարդ վիճակում: Բանն այն չէ միայն, որ Հայաստանը թավշյա հեղափոխության շնորհիվ կատարեց իմիջային ահռելի թռիչք: Հայաստանի նոր իշխանությունն անհապաղ ձեռնմուխ եղավ թավշյա հեղափոխության կապիտալն Արցախի հարցում տրամաբանության փոփոխության տանելուն, ինչի վկայությունը մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտ այցն ու այնտեղ հայտարարություններն էին, նաեւ հետագայում այդ տրամաբանության շրջանակում թե Փաշինյանի,
թե այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք այլ նշանակալից հայտարարությունները, որոնց հանգուցային կետը մարտի 12-ի ստեփանակերտյան ելույթն էր:
 
Հայաստանը սկսել է խոսել իր, Արցախի սուբյեկտային իրավունքներից, ինչն առաջացրել է պատասխանների անհրաժեշտություն: Բաքուն դրանք չունի, հետեւաբար կամ պետք է պատասխանի ռազմական շանտաժով, կամ պետք է փորձի դրանից խուսանավել խաղաղության շուրջ առանց նախապայմանի խոսակցությանն ընդառաջելով: Ադրբեջանը թավշյա հեղափոխության առաջին ամիսներին փորձեց ռազմական շանտաժի հնարավորությունը, առավել եւս, որ բավական նուրբ «աջակցության» էր արժանանում Հայաստանի նախկին իշխող համակարգի որոշակի շրջանակներից, այդ թվում Հայաստանում այդ ռազմական շանտաժի քարոզչական գեներացիան եւ դրա «էֆեկտը» ապահովելու տեսանկյունից:
 
Սակայն, Երեւանը չընկրկեց, շատ լավ հասկանալով, որ այստեղ խնդիրը լոկ արցախյան հարցը չէ, այլ ընդհանրապես թավշյա հեղափոխության եւ դրա շնորհիվ նոր պատմական հնարավորություն ստացած հայկական պետականության հարցը, որում ձախողելու հարցում ճակատագիրը շատ ավելի անգութ կլինի որեւէ հաջորդ իշխանության հանդեպ:
 
Իր հերթին, նոր իրավիճակում է հայտնվել նաեւ Մոսկվան
: Լավրովի հայտարարությունը խոսում է այդ մասին: Ռուսաստանը, որ հոգու կամ մտքի խորքում անկասկած չի մոռացել կազանյան կամ լավրովյան պլանի մասին, անկասկած գիտակցում է, որ եթե դա հնարավոր չեղավ անգամ քառօրյա պատերազմով, գործնականում անհնար է թավշյա հեղափոխությունից հետո:
 
Առավել եւս, որ դրանից հետո Հայաստանի Առաջին դեմքը հրապարակավ հայտարարել է, որ պատերազմի պատասխանատվությունը կլինի Ռուսաստանի վրա: Այդ իրավիճակում, Մոսկվայի համար խաղաղ գոյակցության մոդերատորի կարգավիճակը դառնում է անայլընտրանք, այն իմաստով, որ այլընտրանքը պետք է լինի կամ Հայաստանին, կամ Ադրբեջանին պարտության մատնելը: Հայաստանին պարտության մատնել նշանակելու է պարտության մատնել ինքզինքը, իսկ Ադրբեջանի դեպքում Ռուսաստանը դա անելու է ոչ թե իր, այլ Հայաստանի համար: Իսկ դա նրան պետք չէ:
 
Դրան է գումարվում այն, որ Ռուսաստանը միջազգային իրադրության բերումով զգալիորեն կորցնում է աշխույժ եւ դինամիկ աշխարհաքաղաքականության ռեսուրսը, եւ այդ իմաստով նա ձգտում է Կովկասում իրավիճակը, ստատուս-քվոն եւ իր դերը պահել հնարավորինս քիչ ռեսուրս ծախսելով
 
Ըստ այդմ, ներկայում Մոսկվան շահագրգռված է, որպեսզի հնարավորինս շարունակվի խաղաղության շուրջ խոսակցությունն ու հակամարտության թեկուզ տակտիկական սառեցումը, ըստ այդմ, որպեսզի Բաքուն իրագործի պայմանավորվածությունները, որ եղել են Մոսկվայում:
 
Սակայն, հարց է առաջ գալիս, իսկ ի՞նչ, եթե Բաքուն դրանց հավատարիմ չմնա: Այստեղ էլ սակայն իրավիճակը միարժեք չէ: Ի վերջո, խաղաղության «դիսկուրսի» չափազանց դինամիկ զարգացումն էլ կարող է բերել փակուղու: Ըստ այդմ, տակտիկական նկատառումները կարող են ենթադրել իրավիճակ, որ հարկ կլինի պայմանավորվել «մի քանի անգամ» եւ չանցնել ամբողջական իրականացման: Շտապելը ներկայում ձեռնտու չէ որեւէ կողմի, ընդ որում ոչ միայն Երեւանում, Բաքվում կամ Մոսկվայում, այլ նաեւ իրավիճակով հետաքրքրված մոտ եւ հեռու մյուս ուժային կենտրոններում՝ Վաշինգտոն, Փարիզ, Բեռլին, Թեհրան:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 863 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար