Արդարադատության փոխնախարարը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

17-04-2019 18:07:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 16-ին ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին և «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Արման Խաչատրյանին՝ քննարկելու «Էլեկտրոնային արդարադատության հարթակների ու պետական ծառայությունների մատուցման գրասենյակների մոնիտորինգ» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները: 
 
Նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ողջունել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը և ընդգծել, որ այս հանդիպումը լավ առիթ է ուրվագծելու հետագա փոխգործակցության ուղղությունները:
 
Հանդիպման ընթացքում
Արման Խաչատրյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության գործարկած www.e-draft.am և www.e-request.am  հարթակների և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների մշտադիտարկման նպատակը, արդյունքների փաստագրման եղանակները և փոխգործակցության տեսլականը:
 
Հանդիպմանը ներկա Էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժնի աշխատակիցներ Արևիկ Ավոյանը և համակարգչային ցանցերի ադմինիստրատոր Մերի Շերոյանը ներկայացրել են խնդիրները, դրանց լուծման ուղիները, ինչպես նաև օրենսդրական ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով հանրության իրազեկման կարևորությունը:
 
Շուշան Դոյդոյանն ընդգծել է «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում ԵՄ համաֆինանսավորմամբ և Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի համագործակցությամբ իրականացվող ծրագրի կարևորությունը և էլեկտրոնային գործիքների ու պետական միասնական գրասենյակների արդյունավետության գնահատման այս հնարավորությունը:
 
Փոխնախարար Վարդապետյանը հույս է հայտնել, որ ծրագրի արդյունքները օգտակար կլինեն պետական ծառայությունների մատուցումը բարելավելու ու զարգացնելու համար, ինչպես նաև թույլ կտան բացահայտելու արդյունավետության բարձրացման նոր հնարավորությունները: 
 
Հանդիպման կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ծրագրի իրականացման շրջանակում հետագա աշխատանքային քննարկումների ձևաչափի և փոխգործակցության խորացման վերաբերյալ: 
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 371 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար