«Դավադրություն չկա, այստեղի նախկին ռեժիմի պոչն է, անգործ մնացած, խոսում են». Քաղաքագետ. «Հրապարակ»

23-05-2019 12:56:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Թավշյա հեղափոխությունից, Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո,  տարբեր հարթակներում «միս ու արյուն» ստացան հայաստանցի-ղարաբաղցի հակասությունների մասին խոսակցությունները։ Խնդիրն այն է, որ երկու տասնամյակ ղարաբաղցի նախագահներ ունենալուց հետո Հայաստանում իշխանության է եկել հայաստանցի ղեկավար։ ԱԺ վերջին ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանին որպես ընդդիմություն ներկայացող ՀՀԿ-ականները, մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, վարչապետին մեղադրում էին Արցախի հարցում զիջումների գնալու եւ հողեր հանձնելու մեջ։ 
Այդ խոսակցությունները կրկին ակտիվացել եւ շրջանառվում էին  նաեւ Ռոբերտ Քոչարյանի դատավարության օրերին, շրջանառվում են նրա՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելուց հետո, երբ դա տեղի ունեցավ Արցախի նախկին եւ ներկա նախագահների կողմից երաշխավորություն ներկայացնելուց հետո։ 
 


Եթե ոմանք իսկապես մտահոգված են այդ թվացյալ կամ իրական հակասություններով՝ հաշվի առնելով պատերազմի վտանգը, ապա կան ուժեր, որոնք այդ ամենն օգտագործում են քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով։ 
 
Իսկ այսօր Արցախի մի քանի քաղաքական ուժեր եւ ՀԿ-ներ տարածել են հետեւյալ հայտարարությունը․ «Մենք՝ ազգային-պետական պատասխանատվությամբ առաջնորդվող արցախահայության ներկայացուցիչներս վերահաստատում ենք միացյալ Հայոց ինքնիշխան պետության անքակտելի, անօտարելի և լիիրավ մաս լինելու և Արցախում օրինավոր պետական իշխանություն հաստատելու քաղաքական վճռականությունը: Միացումը համազգային գերակա նպատակն է՝ Արցախի և ողջ Հայաստանի անվտանգությունն ու ազգային պետականակերտումը երաշխավորող օրակարգը»:
 
Հայտարարությունը ստորագրել են «Անկախության Սերունդ», «Արցախի Հանրապետական», «Միացյալ Հայաստան»,
«Ռամկավար Ազատական», «Ինքնություն եւ միասնություն», «Սասնա Ծռեր» արցախյան   կուսակցությունները, «Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբը, «Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը», «Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբը, «Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ-ն,  Գագիկ Ավանեսյանը՝   Հադրութից,  Հրաչյա Արզումանյանը՝  «Աշխարհ» Ռազմավարական կենտրոնից,  Ռուսլան Իսրայելյանը՝  ԱրՀ ԱԺ պատգամավոր,  Արկադի Կարապետյանը՝ Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար,  Ալեքսանդր Քանանյանը՝ Քարվաճառից:
Արցախցի քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ իրականում ոչ մի հակասություն էլ գոյություն չունի հայաստանցիների եւ արցախցիների միջեւ, չկա որեւէ հիմք դրա համար։
 
«Հատուկենտ, մարգինալ մարդիկ են տարածում այդ լուրերը նեղ շրջանակներում։ Իրենք են տարածում հող հանձնելու մասին լուրերը, իրենք էլ հավատում իրենց ասածներին։ 27-28 տարի է անցել, պետք է հասկանալ, որ դրանք «Ֆեյսբուք»-ի շրջանակներն են, իրենք իրենց մեջ հարցեր են լուծում։ Արհեստական խոսակցություններ են, խորհուրդ կտամ դրանք մոռանալ»,- ասաց Մանվել Սարգսյանը։
Քաղաքագետը հիշեցնում է, որ Արցախում էլ են ընթանում ակցիաներ, պրոցեսներ, սպասվում են ընտրություններ, եւ այդ ամենը բնական է։
 
 «Մի կին էր, ինչ-որ բան գրեց, նրան էլ աշխատանքից հեռացրեցին։
Նրանք մարգինալներ են։ Առաջին իսկ օրից էլ որեւէ պրոբլեմ չի եղել Բակո Սահակյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, հակառակը՝ սատարում էր Փաշինյանը նրան»,- նշեց մեր զրուցակիցը։ 
 
Մտահոգություններ են հնչում, որ Հայաստանի ներկա իշխանությունների դեմ դավադրություն է կազմակերպվում։ 
«Ոչ մի դավադրություն էլ չկա, այստեղի նախկին ռեժիմի պոչն է, մի քանի նախկին պաշտոնյաներ, անգործ մնացած, խոսում են»,- արձագանքեց քաղաքագետը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 627 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար