ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը

25-06-2019 18:46:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակությանը:
 
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանն արժեւորել է հայ-վիետնամական հաստատված միջխորհրդարանական կապերը` հույս հայտնելով, որ պատգամավորական պատվիրակության ներկա այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Նրա խոսքով` ի տարբերություն խորհրդարանական հարաբերությունների` ցանկալի մակարդակի չեն այլ ոլորտներում երկկողմ կապերը, այն դեպքում, երբ զգալի
ներուժ է առկա տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության եւ շատ այլ բնագավառներում: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում Երեւանում եւս կգործի ՎՍՀ դեսպանությունը, ինչը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
 
Նշելով, որ իր գլխավորածը Վիետնամից Երեւան այցելած առաջին խորհրդարանական պատվիրակությունն է` Նգույեն Ման Թիենը դա բնորոշել է որպես վառ ապացույց` Հայաստանի հետ համագործակցության իր երկրի ունեցած մեծ հետաքրքրվածության: «Մենք բարձր ենք գնահատում երկու խորհրդարանների միջեւ կապերը եւ ակնկալում, որ նման փոխադարձ այցերը հնարավորություն կտան իրագործելու այլ ոլորտներում առկա մեծ ներուժը»,-նշել է Նգույեն Ման Թիենը` Արարատ Միրզոյանին փոխանցելով իրենց խորհրդարանի ղեկավարի` Վիետնամ այցելելու հրավերը:
 
Վիետնամցի խորհրդարանականի խոսքով` Հայաստանն իրենք դիտարկում են մի երկիր, որը լավ կամուրջ կարող է լինել Ասիայի եւ Եվրոպայի միջեւ, ուստի ակնկալում են, որ հայկական կողմն ակտիվ
մասնակցություն ու դերակատարություն կունենա տարածաշրջանային մի շարք կառույցներում:
 
ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ՎՍՀ այցելելու հրավերի համար, ընդգծել է, որ հայկական կողմը մեծ շահագրգռվածություն ունի ինչպես Վիետնամի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների խորացմամբ: Նրա խոսքով` ժամանակն է փոխգործակցության առումով անցնել գործնական քայլերի:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 434 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար