Լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ծննդյան 100 ամյակին ընդառաջ լույս է տեսել «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» մենագրությունը

26-06-2019 19:16:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ծննդյան 100 ամյակին ընդառաջ լույս է տեսել արվեստագիտության թեկնածու Գայանե Առաքելյանի՝ «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» մենագրությունը: Այն հայկական լուսանկարչության պատմության վերաբերյալ առաջին գիտական հրատարակությունն է Հայաստանում:
 
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա սույն թվականի հունիսի 27-ին՝ ժամը 12:00-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Հասցեն՝ Նալբանդյան 4/1:
 
Այս աշխատության հիմական նպատակն է լուսաբանել Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրը համարվող խոշոր վարպետի մոռացության մատնված գեղագիտական ժառանգությունը և ցույց տալ Անդրանիկ Քոչարի (1919-1984 թթ.) նշանակալի դերը հայ լուսանկարչության զարգացման ասպարեզում: Խնդրո առարկա մենագրությունը Գայանե Առաքելյանի մեկ տասնամյակից ավելին տևած մանրամասն հետազոտությունների արդյունքն ու հանրագումարն է: Դրա վկայությունն են Անդրանիկ Քոչարի արվեստին նվիրված նրա թեկնածուական ատենախոսությունը, ինչպես
նաև լուսանկարչի մասին պատմող մի շարք զեկուցումներ և գիտական հոդվածներ:
Առաքելյանի մենագրության լույս ընծայումը համընկնում է 2019 թ. Անդրանիկ Քոչարի ծննդյան 100-ամյա և լուսանկարչության գյուտի 180-ամյա հոբելյաններին: Այն մի յուրահատուկ հարգանքի տուրք է մեծ լուսանկարչի և նրա կերտած ստեղծագործությունների նկատմամբ:
 
Ինչպես հեղինակն է նշում. «Այս գիրքը Քոչարի լուսանկարչական ժառանգությունն ամբողջական ներկայացնելու առաջին փորձն է, ուր լուսաբանվում են արվեստագետի՝ հնարավորինս լիարժեք հավաքածուն, նրա նախընտրած աշխատաոճը, ստեղծագործության գեղարվեստական լեզուն»:
 
Մենագրությունը բաղկացած է արվեստաբան Մարտին Միքայելյանի ներածական խոսքից, առաջաբանից, հայ լուսանկարչական ավանդույթները և Անդրանիկ Քոչարի արվեստի ակունքները, ինչպես նաև վերջինիս ստեղծագործության ժանրերը, նրանց գեղարվեստական լեզուն ներկայացնող երկու մեծ գլուխներից, եզրակացությունից, օգտագործված գրականության ցանկից և ծանոթագրություններից: Օտար ընթերցողներին Ա. Քոչարի ստեղծագործության մասին պատկերացում են տալիս անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, վրացերեն լեզուներով ներածությունները:
 
Հայ լուսանկարչության պատմության մեջ Քոչարի արվեստով նոր էջ բացվեց: Նա կարևոր դերակատարություն ունեցավ Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության դպրոցի ստեղծման գործում: Հավաքելով աշխարհի հայ լուսանկարիչների կենսագրությունները, կնիքներն ու աշխատանքները, նա առաջին անգամ ամբողջացրեց հայ լուսանկարչության պատմությունը:
 
Անդրանիկ Քոչարի ժառանգությունը, որ ստեղծվել է XX դարի երկրորդ կեսին և բաղկացած է մարդկային կյանքի արժեքավոր պահերից, պատմության մաս է կազմում՝ մեզ ներկայացնելով
այդ ժամանակաշրջանի շոշափելի ներկայությունը: Կատարվել է գնահատելի ու շնորհակալ գործ, ընթերցողի սեղանին է դրվել վաղուց սպասված, անհրաժեշտ մի գիրք՝ հասցեագրված ոչ միայն մասնագետներին՝ լուսանկարիչներին, արվեստաբաններին և լուսանկարչության պատմաբաններին, այլև գեղարվեստական բուհերի և համալսարանների ուսանողներին, արվեստասեր հանրությանը:
 
Այս առումով Գ. Առաքելյանի մենագրությունը լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ստեղծագործությունների քննությունն ընդգրկող առաջին ընդհանրացնող, համապարփակ աշխատությունն է, որը հուսալի հիմք է այդ ուղղությամբ հետագա՝ առավել մանրախույզ պրպտումների համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 460 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար