Լեւոն Շանթի ամենահին եւ ամենանոր հրատարակությունները ցուցադրվեցին Հայաստանի ազգային գրադարանում:

15-07-2019 17:09:57   | Հայաստան  |  Հասարակություն
 

«Շանթը ծնվել է Թումանյանի հետ, ապրել Իսահակյանի չափ»,- Հայաստանի ազգային գրադարանում Լևոն Շանթի 150-ամյակին նվիրված ցուցադրություն-միջոցառմանը նշեց գրականգետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը՝ նկատելով, որ կենսագրական այս զուգահեռներները պատահական համընկնումներ չեն.  Շանթի կյանքն ու ստեղծագործությունը սերտ աղերսներ ունեն երկու հայ մեծերի հետ:
 
Անվանի գրող, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ, «Համազգային մշակութային հիմնադրամի» հիմնադիր Լևոն Շանթի (Լևոն Նաղաշպետյան կամ Լևոն Սեղբոսյան)  150-ամյակին նվիրված գրքերի ցուցադրությունը բացվեց Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու
100-ամյակի միջոցառումների շրջանակում: Ազգային գրադարանի հարուստ հավաքածուից ցուցադրվեցին Լեւոն Շանթի ամենառաջինից գրքերից մինչեւ ամենավերջին հրատարակությունները՝ 1893-ին լույս տեսած «Լեռան աղջիկը» գրքից մինչև 21-րդ դարի երկրորդ տասնամյակում հրատարակված ինը հատորյակը, ինչպես նաեւ գրական թարգմանությունները,  գրողին վերաբերող աշխատություններ… 
 
«Կարեւոր ցուցադրություն է: Կարծում եմ՝  նմանատիպ ցուցադրությունները շարունակական կլինեն Ազգային գրադարանում: Եթե անգամ մի մարդ  ինչ-որ նոր բան քաղի  ցուցադրություններից՝  կարող ենք  դրանք ստացված համարել»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը՝ հավելելով, որ իր համար, օրինակ, բացահայտում էր, որ Շանթը թարգմանել է Վոյնիչի «Բոռը»: 
 
Գրականագետը ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից գրադարանին նվիրվեց Լեւոն Շանթի երկերի ժողովածուի վերջին 5 հատորները և ընդգծեց, որ Հայաստանի ազգային գրադարանը գրքերի ամենահուսալի պահոցն է: 
 
Միջոցառմանը ներկա էր նաև քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը:  Նա անդրադարձավ Լևոն Շանթ քաղաքական գործչի
գործունեությանը՝ նշելով, որ ցուցադրությունը լավ առիթ է  Շանթի դերը ևս մեկ անգամ արժևորելու և նրա գրական ու քաղաքական գործունեությանը  երիտասարդներին ծանոթացնելու համար:
 
 Միջոցառումը  ուղեկցվեց  Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահի սյուներին և առաստաղին շարժապատկերների ցուցադրությամբ: Այնուհետեւ գրադարանի կինոսրահում ցուցադրվեց Լևոն Շանթի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմ: 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 277 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար