Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետին

22-07-2019 17:52:55   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետ տիկ. Գլեդիս Բերեջիկլյանին:
 
Հայոց Հայրապետը վերստին շնորհավորեց տիկին Բերեջիկլյանին ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ` բարձր գնահատելով նրա գործունեությունը ի նպաստ Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի և կարևոր դերակատարությունը հայ
համայնքի կյանքում: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ անդրադարձավ 2019թ. փետրվար ամսին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ կատարած հովվապետական այցի ընթացքում տիկ. Գլեդիս Բերեջիկլյանի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելությանը, ուրախությամբ փաստեց հայ համայնքի կյանքում տեղ գտած դրական փոփոխություններն ու առաջընթացը: 
 
Տիկ. Գլեդիս Բերեջիկլյանն իր հերթին ուրախություն հայտնեց մասնավոր այցով Հայաստանում գտնվելու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու կապակցությամբ` մասնավորապես Նորին Սրբությանը ներկայացնելով այցից ստացած իր տպավորությունները:
 
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիկ. Գլեդիս Բերեջիկլյանը խոսեցին Ավստրալիայի հայ համայնքի, սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների և հայապահպանության խնդիրների մասին: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Ավստրալիայի միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության զարգացման հեռանկարներին:
 
Հանդիպման ավարտին Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետը ծանոթացավ Միածնաէջ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 336 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար