Ավտոմեքենաների ներմուծումը կհասնի 70 հազարի. Նորագավիթի ավտոմաքսատանը կաշխատեն 7-օրյա գրաֆիկով

22-07-2019 19:00:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանում ավտոմեքենաների ներմուծումը զգալիորեն աճել է, հուլիսի վերջին ներմուծման թիվը կհասնի 70 հազարի: Օգոստոսի 1-ից Նորագավիթի ավտոմաքսատան բաժիններում աշխատելու են 7-օրյա գրաֆիկով, աշխատակիցների թիվը ավելացնելու են 6-ով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:
 


«2018թ-ին ներմուծվել է մոտ 67 000 ավտոմեքենա: Այս ամսվա վերջին այդ ցուցանիշն արդեն անցած կլինի, և կունենանք մոտ 70 000 ձևակերպում: Այս մեծաքանակ ներմուծումները պայմանավորված են 2020թ-ից ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով»,- նշել է Ներսիսյանը:
 
Նա նաև հայտնել է, որ, կանխատեսելով ներմուծման աճը, 2019թ հունվարից Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանել են  6-օրյա աշխատանքային շաբաթ, ինչպես նաև ավելացրել
են 5 ձևակերպող տեսուչ: Սրան զուգահեռ՝ սկսել են նաև բավականին ակտիվորեն ավտոմեքենաներ ձևակերպել հանրապետության բոլոր մաքսատներում, ինչպես նաև ավտոմեքենաների բեռնաթափում իրականացնել մաքսային պահեստներում: Այսօրվա դրությամբ՝ օրեկան մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500-ը Նորագավիթում:
 
«Օգոստոսի 1-ից Նորագավիթի բաժիններում աշխատելու են 7-օրյա գրաֆիկով, և այս նպատակով ավելացվելու է ևս 6 աշխատակից: Մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին։ «Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է, և շատ կարճ ժամկետներում ավտոմեքենաներ կձևակերպվեն նաև հենց այս պահեստում»,- տեղեկացրել է Ներսիսյանը:
 
Այս ամենին համալիր լուծում տալու նպատակով ՊԵԿ նախագահի տեղակալը շատ կարևորել է  վարչապետի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որտեղ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները և կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ՝ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: «Հանձնարարականի առնչությամբ լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են և, ինչպես վարչապետը հայտարարեց, ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի մինչև տարեվերջ»,- նշել է Ներսիսյանը:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 307 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար