Ուշագրավ նշանակում. Արմեն Սարգսյանի «թեկնածուն»

23-07-2019 15:07:33   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը հայտարարել է նոր նշանակման մասին: Հիմնադրամի խորհրդի անդամ է նշանակվել Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը: Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի հավաստիացմամբ, պետական հետաքրքրությունների հիմնադրամը նախատեսում է համաշխարհային ներկայացուցչականություն, եւ Ֆրանսիայի նախկին վարչապետի ներգրավումը սահմանում է այդպիսի մակարդակ:
 


Ի դեպ, հիմնադրամը Ֆրանսիայի նախկին վարչապետի ներկայացման համար շնորհակալություն է հայտնում Հայաստան
ի նախագահ Արմեն Սարգսյանին: Դոմինիկ դե Վիլպենն էլ պատիվ է համարել իր նշանակումը եւ մասնավորապես նշել ինչպես Ֆրանսիայի, այդպես էլ Հայաստանի կառավարող քաղաքական սերնդի երիտասարդացման գործընթացը:
 
Դոմինիկ դե Վիլպենը 66 տարեկան է: Նա Ֆրանսիայի վարչապետ է եղել երկու տարի՝ Ժակ Շիրակի նախագահության շրջանում, 2005 թվականի մայիսից մինչեւ 2007 թվականի մայիս: Դե Վիլպենը վարչապետի պաշտոնում հայտնվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայում անցկացված հանրաքվեն մերժեց Եվրամիության միասնական Սահմանադրությունը: Դե Վիլպենը մեծ հեղինակություն վայելող վարչապետ էր, նրա վարկանիշը մոտ 52 տոկոս էր, սակայն կտրուկ անկում արձանագրեց նրա օրենսդրական մի նախաձեռնության հետեւանքով, որը վերաբերում էր երիտասարդների առաջին աշխատանքային պայմանագրին: Դրանով նախատեսվում էր կրճատել
մի շարք սոցիալական արտոնություններ, ինչը հարուցեց հանրության բողոքը, եւ իշխանությունը ստիպված էր փոխել խորհրդարանում արդեն իսկ անցկացրած օրենքը: Այդ հուզումների հետեւանքով դե Վիլպենի վարկանիշը նվազեց կիսով չափ, ինչը գործնականում անհնար դարձրեց նրա նախագահի թեկնածու առաջադրումը 2007 թվականին:
 
Ֆրանսիայի իշխող կուսակցությունից թեկնածու առաջադրվեց ներքին գործերի նախկին նախարար Նիկոլա Սարկոզին: Ի դեպ, հետագայում Դոմինիկ դե Վիլպենին մեղադրանք էր ներկայացվել Սարկոզիին զրպարտելու հետ կապված՝ ֆինանսական գործողությունների առիթով: Դատախազը պահանջել էր դե Վիլպենի համար տուգանք 45 հազար եվրո ու 18 ամիս պայմանական ազատազրկում, սակայն ֆրանսիական դատարանը արդարացրել է նախկին վարչապետին:
 
Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի խորհրդի կազմում Ֆրանսիայի նախկին վարչապետի ընդգրկումն անշուշտ նշանակալի քայլ է, սակայն էական է այն, թե այդ նշանակումը ինչ գործնական արդյունք է ունենալու Հայաստանի համար, հիմնադրամի գործունեության էֆեկտի համար: Դա չի նշանակում, որ դե Վիլպենի նշանակումը հաջորդ օրը կամ մեկ շաբաթ, կամ մեկ ամիս անց պետք է արտահայտվի որեւէ նշանակալի իրադարձությամբ, սակայն մյուս կողմից խնդիրն այն է, որ այդօրինակ հիմնադրամները կարող են նախկին պաշտոնյաների համար դառնալ սեփական կարգավիճակի եւ ըստ այդմ սեփական խնդիրների, կամ խմբային խնդիրների լուծման միջոց: Այլ կերպ ասած, ավելի շատ ոչ թե որեւէ նախկին հեղինակավոր պաշտոնյա ծառայի Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին, այլ հակառակը՝ Հայաստան պետության այդ հիմնադրամն իր կարգավիճակով ծառայի Ֆրանսիայի նախկին վարչապետին:
 
Այստեղ անշուշտ կա հավասարակշռության պահպանման խնդիր, եւ ոչ միայն դե Վիլպենի, այլ ընդհանրապես ներգրավվելիք որեւէ այլ հեղինակավոր միջազգային գործչի պարագայում, որպեսզի այդ կարեւոր ներգրավումները չկրեն լոկ «այցեքարտային» բնույթ, այլ արտահայտվեն անշուշտ փոխադարձ շահառությամբ եւ դրանից բխող գործնական էֆեկտով, ընդ որում ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական:
 
Որովհետեւ Հայաստանի պետական հետաքրքրություն հասկացությունն անշուշտ շատ ավելի լայն տողատակ պարունակող իրողություն է:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 591 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար