Նախագահն արտգործնախարարությանն առաջարկել է հիմնել Արման Կիրակոսյանի անվան մրցանակ.«Արմենպրես»

23-07-2019 15:13:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտաքին գործերի նախարարությանն առաջարկեց հիմնել Արման Կիրակոսյանի անունով հայ երիտասարդ դիվանագետի մրցանակ:
 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահն այս առաջարկը հնչեցրեց հուլիսի 23-ին, դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Արման Կիրակոսյանին ետմահու Պատվո շքանշանով պարգև
ատրելու արարողության ընթացքում:
 
«Այսօրվա առիթով ՀՀ արտաքին գործերի նախարարին և նախարարությանը առաջարկ ունեմ, որպեսզի մտածենք Արման Կիրակոսյանի անունով հայ երիտասարդ դիվանագետների համար տարեկան մրցանակ հիմնելու մասին, որը կտրվի ամեն տարի դիվանագիտության ասպարեզում երիտասարդ, տաղանդավոր մեր դիվանագետներից լավագույնին, որը տարվա ընթացքում փայլուն հաջողությունների կհասնի»,- ասաց Սարգսյանը։
 
Շքանշանի հանձնման արարողությանը ներկա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատմեց Արման Կիրակոսյանի հետ կապված իր հիշողությունները՝ նշելով, որ Կիրակոսյանն ուղեցույց է յուրաքանչյուր դիվանագետի համար:
 
«Արման Կիրակոսյանը կատարել է իր առաքելությունը, ստեղծել է ավանդույթ, մշակույթ Հայաստանի պետականության, Հայաստանի դիվանագիտական ծառայության կայացման և զարգացման համար: Դրանով Արման Կիրակոսյանը ուղեցույց է յուրաքանչյուր դիվանագետի համար: Ուղեցույց է, թե ինչ է նշանակում
պարկեշտություն, նվիրվածություն իր ժողովրդին, իր պետությանը, իր աշխատանքին»,- ասաց Մնացականյանը:
 
Շքանշանի հանձնման արարողությանը ներկա էին նաև ՀՀ դիվանագիտական ծառայության աշխատակիցներ, պատմաբաններ, Արման Կիրակոսյանի ընկերները:
 
Հունիսի 6-ին, 63 տարեկան հասակում, կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանը։
 
Արման Կիրակոսյանը ծնվել է 1956 թ., Երևանում։ 1977 թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը, իսկ 1980 թ.՝ համանուն ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան։ 1991թ. ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ. 1991-1994 թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1992-1993 թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 1994-1999 թթ. դիվանագիտական ծառայությունը շարունակել է Հունաստանում՝ որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1995-1999 թթ. համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ալբանիայում և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան, 1999-2005 թթ.` ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում՝ ՀՀ մշտական դիտորդ, 2005-2011 թթ. զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2011-2018 թթ. նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2016-2019 թթ.՝ համատեղության կարգով Խորվաթիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2018թ. նոյեմբերին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Արման Կիրակոսյանը մեծ հետք է թողել հայկական պատմագիտության մեջ։ Նա պատմական գիտությունների դոկտոր է, բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ։ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին Արման Կիրակոսյանի մեծարժեք աշխատությունները թարգմանվել են նաև օտար լեզուներով և կարևոր դեր ունեցել այս հարցերի հանրայնացման գործում։ Արման Կիրակոսյանն արժանացել է կառավարական և հասարակական բազմաթիվ պարգևների. 2017 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 221 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար