Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը յղել է միաբանական համագումարի մասնակիցներին

21-06-2019 15:43:29   |   |  Մամլո հաղորդագրություն
 

 
Յունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայ գտնուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող միաբանական համագումարի Ա նիստին: Հաւաքին մասնակցում են տարբեր երկրների թեմեր
ում եւ համայնքներում ծառայութիւն իրականացնող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 66 միաբաններ, ինչպէս նաեւ ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնից ու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւնից: 
 
Միասնական Տէրունական աղօթքից յետոյ Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնութիւնն ու պատգամը բերեց համագումարի մասնակիցներին: 
Նորին Սրբութիւնը գեղեցիկ աւանդոյթ նկատեց միաբանական հաւաքի գումարումը Արարատեան տօների շրջանում, որը պսակւում է Սուրբ Էջմիածնի Կ'աթողիկէի տօնով, երբ աշխարհի տարբեր կողմերից միաբանները համախմբւում են Մայր Աթոռում` իրենց ուխտը նորոգելու, զօրանալու, ինչպէս նաեւ անդրադառնալու Սուրբ Էջմիածնի առաքելութեանը: Խօսելով սրբութեան խորանը կառուցելու Լուսաւորիչ Հայրապետի կոչի եւ Սուրբ Էջմիածնից մեր ժողովրդի կեանքում դարեր շարունակ ջամբուող տէրունապատուէր պատգամների մասին` Վեհափառ Հայրապետը հաստատեց. «Հայ Եկեղեցու իւրաքանչիւր սպասաւոր, անկախ իր միաբանական պատկանելութիւնից, Սուրբ Էջմիածնի ուխտի միաբան է եւ Սուրբ Էջմիածնի առաքելութեան սպասաւոր: Ահա, այս պատիւն ունենք մենք ամէնքս` սպասաւորները լինելու Սուրբ Էջմիածնի առաքելութեան, շարունակողները մեր սուրբ, նուիրեալ հայրերի ու հայրապետների գործի, որոնք կերտել են մեր ժողովրդի փառքը, ուղենշել այն ճանապարհը, որ երաշխաւորել է մեր ժողովրդի անմահութեան ընթացքը: 
 
Մեր լուսամիտ հայրապետները Սուրբ Էջմիածնի առաքելութիւնը դարձրել են ձեռագիր մատեաններ, տաճարներ ու վանքեր, դարձրել են մեր ժողովրդի համար արքայութեան ճանապարհ, անգամ եթէ մեր պատմութեան ընթացքում այդ ճանապարհը ստիպուած ենք եղել անցնելու գողգոթաներով: Սուրբ Էջմիածնի առաքելութիւնը մեր հայրապետների իմաստութեամբ նաեւ ուժ ու զօրութիւն է եղել մեր ժողովրդի զաւակների համար, որպէսզի հաւատով կերտեն մեր պետականութիւնը: 
 
Այսօր այդ առաքելութեան շարունակողները մենք ենք: Ինչպէս հաստատեցինք, մեծ պատիւ է դա, որ իւրաքանչիւրս պիտի ընկալենք եւ ամենայն պատասխանատուութեամբ պիտի մօտենանք մեր առաքելութեանը, որպէսզի մեր Եկեղեցին լինի պայծառ, մեր ժողովուրդը փարուած մնա մեր հայրերի սուրբ հաւատքին ու անխաթար պահի այն յատկապէս ներկայ ժամանակներում, երբ կան այսչափ մարտահրաւէրներ, գայթակղեցնող հրապոյրներ, որոնք շեղում են հաւատացեալին իր ուղիղ ճանապարհից, առ Աստուած առաջնորդող իր ընթացքից»:   
 Հայոց Հովուապետը խօսեց նաեւ Սուրբ Էջմիածնի միաւորող ուժի ու միասնութեան խորհրդի մասին` ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինն ազգի միասնականութեան խորհրդանիշն է, որովհետեւ Սուրբ Էջմիածինն այնտեղ է, որտեղ մեր ժողովրդի զաւակները կայք են հաստատել եւ ապրում են, Սուրբ Էջմիածինն այնտեղ է, որտեղ հայ եկեղեցականն իր սպասաւորութիւնն է բերում մեր ժողովրդին: Ըստ Վեհափառի խօսքի, Սուրբ Էջմիածինը Քրիստոսի Աւետարանն է, որ տրուեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետին,  Սուրբ Էջմիածնի լոյսն ամէնուր է եւ ճառագում է մեր ժողովրդի հոգիներից ներս` կապելով նրանց մեր սուրբ Հայրենիքին:
 
Վերահաստատելով Առաքել Դաւրիժեցու խօսքը` Նորին Սրբութիւնը նշեց, որ մեր ժողովրդի իւրաքանչիւր զաւակի հոգին, սիրտը, միտքը կապուած է Սուրբ Էջմիածնի եւ մեր հաւատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսաւորչի Աջի հետ, եւ պատգամեց միաբաններին, որ ամէն անգամ հաւաքուելով Սուրբ Էջմիածնում` այս ուխտին եւ առաքելութեանը անդրադարձ
ունենան եւ կատարեն ուխտի նորոգութիւնը Սուրբ Էջմիածնի առաքելութեան:
 
Գարեգին Երկրորդ Հայրապետը յորդորեց այդ ճանապարհով առաւել զօրացնել միասնականութեան ոգին, եղբայրասիրութիւնը, որպէսզի կոչումին հաւատարիմ կարողանան յանձնառութեան պատրաստակամութիւն դրսեւորել եւ, համբերելով բոլոր դժուարութիւններին ու փորձութիւններին, միասնականութեամբ կերտել իրենց յաղթական ընթացքը եւ արդարացնել հաւատաւոր ժողովրդի սպասումները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տէրը զօրացնի հոգեւոր հայրերին` հաստատուն մնալու իրենց հաւատքի մէջ եւ նախանձախնդրութեամբ արդիւնաւորելու իրենց առաքելութիւնը` ի փառս Աստծու, ի պայծառութիւն Հայոց Սուրբ Եկեղեցու եւ ի բարօրութիւն հայրենիքի ու աշխարհասփիւռ հայութեան: 
 
Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաեւ միաբանների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելութեան տարբեր ոլորտներին, Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին եւ զանազան մարտահրաւէրներին:

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 84 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին