Պարետատանը շարունակվում են արտակարգ դրության երկարաձգման կամ այլ լուծման շուրջ քննարկումները

03-08-2020 18:42:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պարետատանը շարունակվում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման կամ այլ լուծում գտնելու շուրջ քննարկումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
 


«Արտակարգ դրության երկարաձգման կամ արտակարգ իրավիճակի ռեժիմով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են: Հաշվի են առնվելու արտակարգ իրավիճակի ռեժիմով համավարակի դեմ պայքարը արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի առկայութունը, ինչպես նաև համաճարակաբանական վիճակը: Այժմ փոփոխություններ են մշակվում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքներում»,- ասաց Հունանյանը:
 
Ավելի վաղ ՀՀ Արդարադատության
նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ Արդարադատության նախարարությունը մշակվում է օրենսդրական փաթեթ, որի փոփոխությունները վերաբերում են Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին և ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքներին: Այս մասին Մարտիրոսյանը նշել էր, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մշակվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած այն կարգավորումները, որոնք հնարավորություն կտան արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն, Covid-19-ի սահմանափակումներն ու միջոցառումներն իրականացնել արտակարգ իրավիճակ հայտարարելու միջոցով:
 
Օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ին ավարտվում է կառավարության կողմից երկարաձգված արտակարգ դրության ժամկետը: Հայաստանում կառավարությունն առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարել 2020թ. մարտի 16-ին: 
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում անվերջ հնարավոր չէ արտակարգ դրության ժամկետը երկարաձգել, սակայն պետք է համապատասխան օրենքներում այնպիսի փոփոխություններ անել, որոնք հնարավորություն կտան համավարակի նոր օջախներ հայտնաբերվելու դեպքում սահմանափակումներ կիրառել:
 
Նորայր Շողիկյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 376 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար