Հայաստանի դատական համակարգի մասին Հատուկ առաջարկներ

04-08-2020 15:17:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մեծ մտածողը խոսում է գաղափարների, միջինը՝ իրադարձությունների, թույլը՝ մարդկանց մասին:
Մեզ մոտ իշխանությունը քննարկում է միայն անհատների, երբեմն՝ իրադարձություններ և երբեք՝ գաղափարներ։
Դա վերաբերում է բոլոր ոլորտներին։
 


Այժմ դիտարկենք դատարանները։
Հեշտ է տեսնել, որ մեզ մոտ դատարաններում անձերի հարցեր են քննարկվում (հիշեք Սահմանադրական դատարանին վերաբերող քաշքշուկները)։
 
Հիմա հարցնենք՝ քննարկո՞ւմ են, արդյոք, իշխանությունները դատարաններին վերաբերվող հիմնարար խնդիրներ։ 
Պատասխանը՝ ոչ, չեն քննարկում։
 
Ավելին, իշխանությունները համառորեն չեն ուզում տեսնել գլխավորը։ Իսկ գլխավորն այն է, որ դատավորների գործունեության նկատմամբ ոչ մի վերահսկողություն չկա։ Այն, որ դատավորները կոռումպացված են գիտեն բոլորը։ Բայց ինչպես անցնել ճիշտ, վերահսկելի դատական համակարգի, իշխանությունները կամ չգիտեն կամ չեն ուզում, քանի որ նրանց հարկավոր է միայն իրենց կողմից վերահսկվող համակարգ։
Այժմ, այն մասին, թե ինչպես պետք է ստեղծել ճիշտ համակարգ։
 
Անօրինականությունների 99%-ը կատարվում է սովորական դատարաններում։ Այնպես որ ժողովրդին պետք է հետաքրքրի իրավիճակը սովորական դատարանում։
 
Սովորական դատարանում իրավիճակը շտկելը շատ հասարակ է ։
 
Պետք է պահպանել մի պարզ սկզբունք՝ դատարանում որոշումներ կայացնողները
պետք է շահագրգռված լինեն արդար դատավարությամբ։
Դրան կարելի է հասնել երդվյալ ատենակալների դատարանի միջոցով։
 
Բացատրեմ։
 
Բանն այն է, որ մեզ մոտ տասնամյակներ շարունակ դատական համակարգ են մտել մարդիկ, ովքեր ի սկզբանե ծրագրել են իրենց հարստացումն այդ համակարգում։ Այնպես որ, աբսուրդ է ակնկալել, որ մեկ դատավորի փոխարինումը մյուսով կարող է որևէ լավ բանի հանգեցնել։ Մինչդեռ երդվյալ ատենակալների դատարանում (որտեղ, ինչպես հայտնի է, ամբաստանյալը չի կարող շփում ունենալ երդվյալ ատենակալների հետ) բացառվում է ամբաստանյալի որևէ ազդեցություն ատենակալի վրա (դա դաժան պատժվում է բոլոր պետություններում): Այսպիսով, եթե անգամ դատավորը կաշառք է վերցրել, երդվյալ ատենակալները (ասենք տասը ատենակալները) ոչ մի կերպ շահագրգռված չեն անազնիվ դատավարությամբ։ Այսինքն, արդյունքում կստացվի ճիշտ դատավարությամբ շահագրգռված 10 երդվյալ ատենակալներ, սխալ դատավարությամբ շահագրգռված մեկի (դատավորի) դեմ։ 
 
Ողջ դատական համակարգը չխարխլելու համար, ես կառաջարկեի ունենալ երկու դատարանի՝ սովորական դատարան (ինչը թույլ կտա չընդհատել դատական գործունեությունը երկրում), և զուգահեռ պետք է մտցնել երդվյալ ատենակալների դատարանը։
Ընդ որում, (շա՛տ կարևոր է) ամբաստանյալը, որոշումը բողոքարկելու համար, պետք է իրավունք ունենա դիմելու երդվյալ ատենակալների դատարան։
 
Դա անմիջապես կզգաստացնի ամբողջ դատական համակարգը, քանի որ դատավորն իմանալով, որ իր անարդար որոշումները հետո քննվելու են երդվյալ ատենակալների դատարանում, կասկածելի որոշումներ չի կայացնի։
 
Նաև դա անմիջապես կանդրադառնա ամբողջ դատական համակարգի վրա, մասնավորապես քննչական աշխատանքի վրա, քանի որ ատենակալների դատարանում հեշտ կլինի հայտնաբերել
«պայմանավորվածությունները» դատարանի և քննչական մարմինների միջև (ինչը վտանգավոր է դատավորի համար): Դա իր հերթին կզգաստացնի քննչական մարմիններին, քանի որ ատենակալների դատարանում հայտնաբերվելու են նրանց աշխատանքի թերությունները։
 
Նկատենք, որ դրա համար ոչ մի ֆինանսական ներդրում չի պահանջվում՝ նույն դատարանը (կամ դատավորը) կարող են գործեր վարել ինչպես սովորական ձևաչափով, այնպես էլ երդվյալների ատենակալների դատարանի ձևաչափով։
Արդյունքում մենք կստանանք դատավարության շատ ավելի ազնիվ համակարգ։
 
Գրիգոր Բարսեղյան
Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 301 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար