Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է լիազորությունները չարաշահելու կասկածանով. ՀՔԾ

06-08-2020 18:32:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2003-2018 թվականների ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
 


Հատուկ Քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնում է, որ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Նազարյանը առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և
խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
 
Մասնավորապես՝ նա 2011 թվականի սեպտեմբերի 16-ին ստանալով Հայաստանում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով ընդունված՝ «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» ՀՀ կառավարության որոշումը, առանց առաջարկվող փոփոխության շուրջ մասնագիտական պատշաճ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, անտեսելով ՀՀ-ում առկա ջրային ռեսուրսների հնարավորություններն ու դրա արդյունքում հիդրոէլեկտրակայանների կառուցման վիճակագրությունը՝ հանձնաժողովի իրավասու վարչության միջոցով մշակել է համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվել է բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը:
 
Այնուհետև, Նազարյանը հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի անդամների հետ մասնակցել է կոլեգիալ կազմով վերը նշված որոշման ընդունմանը, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանի սակագները մինչ այդ կիրառվող մեթոդիկայի փոխարեն կիրառվել են փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված մեթոդիկայի համաձայն: Արդյունքում ՀՀ-ի տարածքում 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել, իսկ հիշյալ միջակայքում գործող, խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ տեղակայված հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանը, առանց հիմնավորման, ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում՝ օգտվելով հիշյալ տեսակի կայանների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից:
 
Հաղորդագրությունում նաև նշված է, որ ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների վերոհիշյալ գործողությունների
պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 միլիարդ 52 միլիոն 65 հազար 99 դրամ գումար:
 
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 681 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար