Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ

10-08-2020 12:11:28   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Օգոստոսի 9-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ: Պատարագին մասնակցում էին Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները՝ ՀՀ սփյուռքի գործերի
գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: 
 
Այնուհետ պատվիրակության անդամներն առանձին հանդիպում են ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ, որի ընթացքում վեհափառը ներկայացրել է համայնքի վիճակը, պայթյունից հետո հայաբնակ թաղամասերում արձանագրած պատկերը, ըստ որի՝ հայերի բնակարանները մեծ վնասներ են կրել, և դրանք արագ վերականգնման կարիք ունեն: Վեհափառ Տերն ընդգծել է նաև, որ այժմ կարևոր է համայնքի կարիքների առաջնահերթյուննների վերհանումն ու իրական գնահատումը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ տարվում են, ստեղծվել է համայնքային բոլոր կառույցներն ընդգրկող հանձնախումբ: 
 
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է,
որ այս այցի նպատակը ոչ միայն հումանիտար օգնությունն ուղեկցելն է, այլև տեղում իրական պատկերին ծանոթանալը և լիբանանահայության հետ ուղղակի շփումները:
 
Արամ Ա կաթողիկոսն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանը հզորացնելու հետ մեկտեղ՝ պետք է ամրապնդել նաև սփյուռքը: Այս կապակցությամբ Զարեհ Սինանյանը կարևորել է հատուկ լիբանանահայության  համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սկսված դրամահավաքը: 
 
Հանդիպման ավարտին երկուստեք վերահաստատվել է, որ հայրենիքի դռները միշտ բաց են սփյուռքի առջև:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 244 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար