«Բոլորովին արդարացում չունեն, թե ինչու են օրենսգիրքը կարդալով իջել, թռել 137-ի վրայով ու հասել 164-ին ». Լ. Բարսեղյան

10-08-2020 14:40:10   | Հայաստան  |  Հասարակություն
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա թե ինչ է լինում, երբ թերագնահատում են դատաիրավական համակարգի հրատապ և խորքային մաքրազտման անհրաժեշտությունը
 


Սևանի ափին զորավար Վովայի սարքած կորդեբալետի դեպքով, երբ կվադրացիկլը քշել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի, նկարահնող օպերատորների ու վարորդի վրա, սպանելու և գյուլլելու բացահայտ սպառնալիքներ է տեղացել, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական Օրենսգրքի 164 հոդվածի 3-րդ մասով, կարդանք ընկերներ.
 
Հոդված 164.
 
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը
 
1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
 
2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
 
3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
 
Էս կարգի մեղադրանքը՝ երրորդ մասով, աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ, բավականին ծանր պատժաչափով: Բայց կարևոր է իմանալ, որ մի չքնաղ հոդված կա նույն օրենսգրքում՝ 137, որը պատմում է հետևյալը.
 
Հոդված 137.
 
Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը
 
1. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափը:
 
Զորավարի արարքն ու հայտարարությունները հրաշալի կերպով տեղավորվում է այս հոդվածի մեջ նույնպես: Մեղադրողները, ինչքան հասկանում եմ, շատ բարեհամբույր և սիրալիր անձնավորություններ են, մտածել են ու մտածել են տալիս է, թե 164-ը կլանում է 137-ը, ու էլ կարիք չկա 137 հոդվածը խառնել իրար, դե մարդ է, բարկացել է և այլն: Կամ էլ բոլորովին արդարացում չունեն, թե ինչու են օրենսգիրքը կարդալով իջել, թռել 137-ի վրայով ու հասել
164-ին: Դե ասա միանգամից խուլիգանություն կդնեիք էլի, ինքն էլ կասեր, չեմ իմացել, որ լրագրող են եղել ...: Մանավանդ, ուշադրություն դարձրեք, 164-ի երրորդ մասը վերաբերելի է այն դեպքին, երբ առկա են 1 և 2 մասերով արարքը միաժամանակ, իսկ Զորավարը պաշտոնատար անձ չէ ու իր պաշտոնեական դիրքն օգտագործելով չէ, որ խոչընդոտել է լրագրողների գործը, թե՞ դեռ պաշտոնյա է, խաբար չենք: Այսինքն՝ մեղադրանքն առաջին հայացքից է արդար, բայց այնպես է արված, որ Զորավարի պաշտպանական կողմն ասի 2-րդ մասն իրեն չի վերաբերվում, ուրեմն՝ 3-րդ մասն էլ վերաբերելի չէ: Մնում է 1-ին մասը միայն. ահա. 164-1.
 
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Իսկ 400.000 դրամն էն փողն է, որ զորավարն ամեն անգամ թաշկինակը գրպանից հանելիս կարող է գցել-կորցնել ու չնկատել, որ փող է թափել ջեբից:
 
Հիմա հարցն այն է, թե ովքեր են տուժող ճանաչվելու ու արդյո՞ք տուժողները պնդելու են, որ մեղադրանք ներկայացվի նաև սպառնալիքի մասով՝ 137-ով, և ավելի կարևոր է, թե սերժիկների մնացուկ մեղադական ու քննչական հիմնարկները 137-ով մեղադրանք կներկայացնե՞ն մեծանուն Զորավարին: Ես մեկ ոչխար դնում եմ, որ չեն մեղադրի այդ հոդվածով, ևս 2 ոչխար դնում եմ, որ 137-ով մեղադրանքը մինչև դատարան չեն քշի:
 
Բացի այդ, հայրենի օրենսդիրները տարիներ առաջ 137 հոդվածը լավ մածուծիկ են գրել ու այդպես էլ թողել են, (պատգամավորներին բան չասեք, թող չիմանան, թող լայքահավաք առաքելություն իրականացնեն, ու կարիքավորներին պանիր, մածուն հասցնելու կարևոր գործերով զբաղվեն): Ուշադրություն դարձրեք այդ հոդվածի պայմանին. «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, ԵԹԵ ԱՅԴ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳ Է ԵՂԵԼ»: Ես վստահ եմ, որ իրական վտանգ եղել է, մարդն ունի օրինական զենք, խանչալ, խորովածի շիշ և մարդկանց վրա քշվող կվադրացիկլ, ու սպառնացել է ավելի քան կոնկրետ բառերով, հայերնով ու իսպառ հասկանալի թուրքերենով: Ահա այս մասն է, որ ջրալի է սարքած, քննչական և դատախազական մարմինները կասեն՝ դե մենք ենք քննողը, մենք էլ չենք նկատել ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳ, վերջացավ: Այդպես եղել է մոտ մեկ տասնյակ անգամ այդ հոդվածի գոյությունից ի վեր: Այնինչ, եթե խփեր սպաներ կամ գյուլլեր, արդեն կլիներ ոչ թե 137-ի հիմք, այլ բոլորովին այլ հոդվածի՝ սպանության: Հիմա սա հերթական փորձաքարն է լինելու քննչականի և դատախազության համար՝ Նիկոլի ասածով՝ շանսն օգտագործո՞ւմ են, անցնո՞ւմ են նոր Հայաստան, թե՞ մնում են Սերժիկի հարմարավետ Հայաստանում: Եթե 137-ով էլ մեղադրվի ու գործը մինչև վերջ գնա, ատելության խոսքի դեմ լուրջ քայլ է լինելու, այդուհետ որևէ մեկը մյուսին մահվան, առոջությանը կամ գույքին վնասելու սպառնալիք նետելուց առաջ մի երեք տարի մտածելու է ու նման կակ չի ուտելու: Հակառակ դեպքում ասելու են՝ դե ջղայնացամ, ասիմ՝ կտամ կսատկացնեմ, աչքերդ կհանեմ, բարկացած էի, վայ, ինչ իրականա վտանգ, ինչ բան:
 
Եվ վերջինը: Գյալմապիցցառու և սերժատակաշոր կոյուղին իր խմբագիր-գրագիրներով սկսել է գրել, թե բա մարդու անձնական տարածքը սրբազան է, էդ ոնց են ոտնձգել մարդու անձնական շենք շինության տարածքը, լավ կլինի՞, որ իրենց անձնական տարածքներն էլ ուրիշները ներխուժել: Փաստն այն է, որ ՈՉ ՈՔ ՉԻ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԿԱՄ ՄՏԵԼ գեներալիսիմուս Վովայի անձնական և ապօրինի շինություններով լի տարածք: Չի եղել նման դեպք ու վերջ, այսինքն՝ կոյուղին մնացել է կոյուղի, կեղտաջուր է տանում բերում: Լրագրողական խմբի վրա հարձակումը եղել է Զորավարի տարածքից 200 մետր հեռու ու Սևանի ափին:
Իսկ Սևանն իր ափերով ոչ ոք չի սեփականաշնորհել ու չի կարողանալու սեփանաշնորհել: Եթե Սևանի ափը, որտեղ արվել են նկարահանումները, ինչ-որ մեկի մասնավոր տարածքն է, ուրեմն՝ կոյուղատար խմբագիրների տունուգարաժն էլ, գրամեքենան էլ, կարի մեքենան էլ ամբողջությամբ զորավարի անձնական տարածքն են: Ավելին, Սևանի ափամերձ գոտում ոչ մի մասնավոր տարածք չկա, ափը և լիճը հարային սեփականություն է, կան ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վարձակալված տարածքներ ու դրանցում որևէ հիմնական շինություն չկա, որ օրինական լինի, դրանք բոլորն ապօրինի շինություններ են: Այն, որ սերժիկների ժամանակ «Սևան» Ազգային պարկը, ՇՄ նախարությունը, իրավապահները իրենց կայֆոտ շահագրգռություններով աչք են փակել ապօրինի շինարարության վրա, քանդել չեն տվել դրանք, որով բոլորի քթի տալ ոտնձգել են մեր ազգային հարստությունը, փաստ է, ու էս գեներալն ու իրպես մի դաստա սերժիկ հաբռգել է՝ էլ դու սուս: Ցավալիորեն, է՛լ ավելի են հաբռգել անցած երկու տարում դատաիրավական համակարգի պահման ու փայփայման իրենց համար շատ հաճելի դրվածքից, հաշտվել են իշխանություն չունենալու հետ, բայց և լավ են զգում իրենց այնքան, որ լրագրողների վրա են հարձակվում մահվան սպառնալիքներով: Նիկոլին ու Ռուստամին բարև են ուղարկել այդպիսով:
 
Լուսանկարում՝ Աննման Զորավարին վերագրվող վիլլան Սևանի ափին, լուսանկարը՝ Կանաչ Հայաստան ՀԿ էջից: Նկարը չի արված վիլլայի օդային տարածքից»:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 584 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար