Նախկին ոստիկանապետի տարօրինակ ակնարկը Ռոբերտ Քոչարյանին

13-08-2020 09:58:24   | Հայաստան  |  Վերլուծություն
«Երրորդ նախագահը, երբ հարցրեց՝ քանի հոգի են, ինչ միջոցներ են հնարավոր, ես ներկայացրի, որ կարելի է մեծ զգուշությամբ ցրել, զոհերն ու վիրավորները բացառելով, թեեւ վտանգավորն այն էր, որ երեխաներ ու հղի կանանց կարող էին օգտագործել որպես վահան, նա չհամաձայնեց, ասելով, որ հանկարծ կարող են եւ այդպիսի հետեւանքներ լինել, ոչ մի իշխանություն չարժի, որ այն արյունով պահվի կամ վերցվի։ Ես համաձայն եմ իր հետ», նախօրեին 168-ի հետ զրույցում հայտարարել է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը, խոսելով Էլեկտրիկ Երեւանի իրադարձությունների մասին:
 


Վովա Գասպարյանի հայտարարությունն էական առնչություն է ստանում Հայաստանում տեղի ունեցած այլ իրադարձությունների, այդ թվում ամենաողբերգականին՝ Մարտի 1-ին, երբ տեղի է ունեցել ուժային գործողություն, եղել են զոհեր:
 
Ոչ մի իշխանություն չարժե, որ պահվի կամ վերցվի արյունով, Սերժ Սարգսյանի գնահատականն է մեջբերում Վովա Գասպարյանը: Դա յուրօրինակ խոստովանությու՞ն է Մարտի 1-ի համար, թե՞ ակնարկ Ռոբերտ Քոչարյանին՝ մարտիմեկյան ուժի կիրառման պատասխանատվության առումով, կամ հայտարարության, որ կա փողոց փակելով իշխանությունը վերցնելու հնարավորություն:
Չէ որ դա էլ կարող է բերել բախման ու արյունի:
 
Բայց եթե Մարտի 1-ի արյունը ապահովել է իշխանություն, ապա դա եղել է Սերժ Սարգսյանի նախագահությունը: Սարգսյանը նման դիրքորոշման է եկել դրա նախորդ տարիների ծանրությունի՞ց, որոնք եղել են արյունով պահպանված կամ ձեռք բերված իշխանության հետեւանք: Թե՞ Սարգսյանի խոսքի գասպարյանական հիշատակումը ակնարկ է այն մասին,
որ 2008-ի Մարտի 1-ին Սերժ Սարգսյանն ուներ անարյուն լուծում, բայց որոշում կայացնողը եղել է ոչ նա: Իսկ ո՞վ, Ռոբերտ Քոչարյա՞նը: Իսկ գուցե այդ համատեքստում մարտիմեկյան արյան ընկալումը կարող է լինել այն, որ դրա գնով Ռոբերտ Քոչարյանի՞ իշխանության հարց է լուծվել՝ Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի վրա իշխանության հարց:
 
2018-ի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը Փաշինյանի հետ հանդիպմանը հիշատակեց Մարտի 1-ի մասին, ինչը հանրությունն այդ ժամանակ ընկալեց որպես սպառնալիք, թեեւ այդ հայտարարությունը եւ դրան հաջորդած Նիկոլ Փաշինյանի առեւանգումը բորբոքեց էլ ավելի մեծ հանրային ընդվզում եւ փաստացի արագացրեց թավշյա հեղափոխության ընթացք, գործնականում հասցնելով դրա առաջին հաղթական արդյունքը արձանագրել մինչեւ ապրիլի 24:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1556 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար